Հոռոմ, Սարատակ, Լուսակերտ ու Գուսանա գյուղերի մի խումբ բնակիչներն այսօր որոշել էին Հոռոմ գյուղի խաչմերուկում փակել Գյումրի-Երևան մայրուղին, սակայն ոստիկանների հետ բանակցելուց հետո այդ մտադրությունից հրաժարվեցին: Շիրակի մարզի բնակիչներն ի պատասխան երևանում հրաժարականի պահանջով ցույցերին, որոշել էին իրենց աջակցությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին։
«Մենք ընդունում ենք Նիկոլ Փաշինյանի վեցամսյա ծրագիրը, դրանից հետո, եթե մեզ չգոհացրեց Նիկոլ Փաշինյանի ծրագիրը ու իր ապագայի հեռանկարը, մենք կպահանջենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց հիմա մենք ներկա դրությամբ մենակ ելքը, փրկությունը տեսնում ենք Փաշինյանի մեջ», - ասաց Հավաքվածներից մեկը:
Գյուղացիներն ասում են՝ տեսնում են, թե ովքեր են վարչապետի հրաժարականը պահանջողները, և իրենք նախկին իշխանությունների ներկայացուցիչների վերադարձը չեն ուզում. «Մենք հիմա միամիտ չենք, բոլորս էլ հասկանում ենք, որ թալանչիները հավաքված են Օպերայի հրապարակում, իրենք պաշտպանում են իրենց թալանած փողերը, դղյակները, հյուրանոցները: Գիտեն, որ վերջը դրանք պետք է առնեն իրենց ձեռքից, որովհետև ժողովրդի փողերն են դրանք»:
Հոռոմից 3 ամիս առաջ զորակոչված 18-ամյա Հովհաննես Գասպարյանի հայրը վրդովված էր, որ փոխանակ անհետ կորած զինվորների մասին մտածեն, գտնեն ու փրկեն, փոխարենը ցույցի են դուրս գալիս:
«Երկու ամիս եղավ, ես իմ երեխայից խաբար չունեմ, իրանք ուրեմն երեխա չունեն, իրենք ուրեմն սաղ ազգին չեն սիրում այդ ցուցարարները, երեխաների արյունը չենք գնահատում, թող մինչև վերջ գնահատեն, ոչ թե հիմա ցույց անեն աթոռների համար: Նիկոլը փրկել է մնացած երեխաների կյանքը, որ թողներ նրանք էլ կընկնեին էդ երեխաների օրին», - ասաց Գասպարյանի հայրը:
Ակցիային մասնակցում էին նաև զինվորականներ, կամավորականներ, ովքեր վաղը բարձրանալու են դիրքեր: Նրանք մայրաքաղաքում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մասնակիցներին հորդորեցին ցույց անելու փոխարեն իրենց հետ մասնակցել սահմանի պաշտպանությանը։
«Վաղը մենք պոստեր պետք է գնանք՝ մեր պոստերի ժողովրդին փոխելու, որին 20 օր փոխող չկար, ցույց անող եք, գնացեք փոխեք», - նշեց կամավորներից մեկը: