Մատչելիության հղումներ

Ըստ Բադալյանի, քանի Թուրքիան գոյություն ունի, մշտապես հավակնություններ է ունենալու Հայաստանի հանդեպ


Քանի Թուրքիան գոյություն ունի, մշտապես հավակնություններ է ունենալու Հայաստանի տարածքների հանդեպ, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ ընդգծելով՝ Հայաստանն էլ մշտապես պետք է կարող ու պատրաստ լինի զսպելու այդ հավակնությունները։

«Եթե Ալիևը կամ Էրդողանը չխոսեն այդ ամենի մասին և եթե հայտարարություն չանեն Հայաստանի տարածքի հանդեպ հավակնության մասին, միևնույն է Հայաստանը երբեք չպետք է կասկածի այդ հավակնությունների գոյությանը։ Թուրքիան ունենալու է դրանք, քանի գոյություն ունի, և Հայաստանը մշտապես պետք է պատրաստ լինի, կարող լինի զսպել այդ հավակնությունները և ձեռնարկի դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Երեկ Բաքվում տեղի ունեցավ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված ռազմական շքերթ։ Շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, հասավ նաև Հայաստանի տարածք՝ պնդելով, թե Զանգեզուրը, Երևանը, Սևանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։

Բադալյանն ընդգծեց՝ այդ հայտարարությունները նոր չեն, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո, մեկնաբանի համոզմամբ, դրանք ստանում են նոր բնույթ և նոր մարտահրավեր են նաև Ռուսաստանին։

«Ինչ վերաբերում է կոնկրետ այս հայտարարություններին, որոնք իհարկե ամենևին նոր չեն և դրանք տարիներ շարունակ հնչել են, ապա նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, անշուշտ, դրանք ստանում են նոր բնույթ, և, այս առումով, հայտարարությունները մարտահրավեր են նաև Ռուսաստանին, որի միջնորդությամբ իբրև թե խաղաղության գործընթաց է սկսվել, բայց մենք տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչպե՞ս է պատկերացնում խաղաղությունը։ Ըստ այդմ, պետք է հասկանալ, թե Ռուսաստանն ինչպե՞ս է պատկերացնում այդ պատկերացումներով Ադրբեջանի հետ խաղաղությունը», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձնազրույցից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը, եթե Երևանը տարածաշրջանային խաղաղության համար դրական քայլեր ձեռնարկի։

Բադալյանը պարզաբանեց՝ եթե օրակարգում նման հարց առաջանա, ապա Թուրքիան Երևանի առաջ դնելու է Հայկական հարցի մի շարք ասպեկտներից հրաժարվելու խնդիրներ, մասնավորապես, ըստ Բադալյանի, դնելու է հայ-թուրքական սահմանը ճանաչելու հարցը։

«Ես կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանի հեռանկարների առումով Թուրքիան պատրաստվում է, կամ եթե այդպիսի հարց առաջանա օրակարգում, Թուրքիան դնելու է Հայկական հարցի մի շարք ասպեկտներից զգալիորեն հրաժարվելու խնդիրներ Երևանի առաջ, դա, կարծում եմ, վերաբերելու է թե հայ-թուրքական սահմանը ճանաչելուն, քանի որ, ինչպես հայտնի է, Հայաստանը մինչ այժմ չի ճանաչել այդ սահմանը՝ շատ հասկանալի պատճառներով։ Այսինքն, կարծում եմ, որ Թուրքիան այսպիսի պայմանների մասին է ակնարկում, որոնք, մեծ հաշվով, ներառվում են ռուս-թուրքական մեծ պայմանագրում, որի 100-րդ տարելիցը լրանում է 2021 թվականի մարտին և Ռուսաստանն ու Թուրքիան մեծ քննարկումների առաջ են լինելու այդ պայմանագրի համատեքստում, իսկ այդ պայմանագիրն, ինչպես հայտնի է, փաստացի Հայաստանի սուբյեկտության՝ հայկական պետականության սուբյեկտության չեզոքացման մասին պայմանագիր է, և Էրդողանը, կարծում եմ, այդ ոգով պահանջներ է դնելու Հայաստանի առաջ, եթե խոսք ծավալվի և քաղաքական օրակարգում հայտնվի հայ-թուրքական հարաբերության, հայ-թուրքական սահմանի բացման հարցեր», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG