Մատչելիության հղումներ

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները». վարչապետի խոսնակ


ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում այսօր հնչեցրած հայտարարություններին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգյանը մասնավորապես նշել է. «Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը»:

Վարչապետի խոսնակը հավելել է, որ Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, «ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով»:

«Այս հայտարարությունները առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց: Այս հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին: Սպառնալիքի դիրքերից հայ ժողովրդի հետ խոսելը դատապարտելի է և չի կարող բերել Հարավային Կովկասում տեւական կայունության», - ընդգծել է Մանե Գևորգյանը:

Նա նշել է նաև, որ խիստ դատապարտելի է Հայոց ցեղասպանության «ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից»։

«Նման դրսևորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները՝ այդ թվում տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ», - հայտարարել է վարչապետի խոսնակը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում կայացած ռազմական շքերթի ընթացքում թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, անդրադարձել է նաև Հայաստանի տարածքին՝ պնդելով, թե Զանգեզուրը, Երևանը, Սևանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG