Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզի Արավուսի մոտ 50 հեկտար հողերը շարունակում են մնալ ադրբեջանական դիրքերից այն կողմ


Խոշորացված Տեղ համայնքի Արավուս գյուղի մոտ 50 հեկտար պահուստային ու սեփականաշնորհված հողերը շարունակում են մնալ ադրբեջանական դիրքերից այն կողմ, մեզ հայտնեց Սյունիքի մարզի Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։

«Այս պահի դրությամբ այդ կարգի խնդիր ունենք, սա գալիս է 85-86 թվականներից, երբվանից որ կատարվել են հողային ճշգրտումներ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մասնագետների կողմից: Բայց մի բան գիտեմ, որ սեփականաշնորհման հանձնաժողովն ըստ 80-ական թվականների ճշգրտված քարտեզների է կատարել սեփականաշնորհումը, իսկ հիմիկվա սահմաններն ուղղվում են նախկին քարտեզներով՝ 70-ականների, թե էդ տարիների քարտեզներով են անում», - ասաց Շադունցը:

Համայնքապետն ասում է՝ կառավարությունում տեղյակ են այս խնդրի մասին, իրենց հայտնել են, որ զբաղվում են հարցով, ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ Արավուսի գյուղապետը պատմում էր իր և ադրբեջանցի գեներալի բանակցությունների մասին. ադրբեջանցի զինվորականը պարտադրել էր գյուղի սահմանին գտնվող ջոկատին հետ գնալ նախկինում ադրբեջանական եղած մի բլրից, ինչի հետևանքով Արավուսը կորցրել է մոտ 50 հեկտար։

Տեղ խոշորացված համայնքը պատերազմից հետո արդեն մոտ 60 կիլոմետր սահման ունի Ադրբեջանի տարածքի հետ, կա՞ն արդյոք սահմանի երկայնքով այլ վիճելի հատվածներ, հարցրինք Շադունցին, նրա խոսքով՝ այս պահին չկան, բայց չի բացառվում, որ ցանկացած պահի կարող է որևէ նոր վեճ ծագել։

«Մենք նախկին սահմաններով մոտավորապես կանգնած ենք էլի, հինգ մետր էս կողմ, հինգ մետր էն կողմ՝ մեր բանակային կորպուսի հրամանատարության հետ միասին համագործակցելով», - նշեց համայնքապետը:

Արդյոք Հայաստանի Զինված ուժերը հսկո՞ւմ է Սյունիքի նոր սահմանը, Տեղի համայնքապետին հարցն ավելորդ է թվում, բանակն իր տեղում է, այդ դեպքում ինչո՞ւ է ադրբեջանցի գեներալի հետ բանակցել Արավուսի գյուղապետը և ոչ թե, օրինակ, Զինված ուժերի գեներալ։

«Այս պահին Տեղ խոշորացված համայնքը մոտավորապես 60 կմ սահման ունի, 60 կմ-ի վրա պատկերացնո՞ւմ եք քանի հատ պոստ պետք ա լինի: Մեր հրամանատարները այդ պահին կարո՞ղ է սաղ պոստերում ներկա լինեն: Պահի տակ եկել է, էդ պահին վարչական ղեկավարն է եղել, վարչական ղեկավարն է խոսացել, մի քիչ հետո մեր հրամանատարն է մոտիկացել», - պարզաբանեց Շադունցը:

Յոթ գյուղ միավորող Տեղ համայնքում և Սյունիքի մյուս սահմանամերձ համայնքներում սպասողական տրամադրություն է, ասում է համայնքի ղեկավարը, որևէ փաստաթղթով հայ-ադրբեջանական սահմանը առայժմ ամրագրված չէ։

Հայաստանի նոր սահմանների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որը նախապատրաստում է քարտեզներ փաստաթղթեր բանակցություններին ընդառաջ, երեկ Ազգային ժողովում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում գալիք սպասվելիք բանակցություններին, որը տեղի է ունենալու, ամենայն հավանականությամբ, հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ որպես այդպիսին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ», - ասաց Ավինյանը:

Տեղ համայնքում և մյուս տարածքներում սահմանային դիրքերը վերջնական կտեղակայվեն միայն բանացկություններից հետո, ասաց Ավինյանը, սակայն առանց հստակեցնելու արդյո՞ք մի քանի շաբաթից հայ ու ադրբեջանցի դիվանագետները նստելու են դեմ դիմաց ու խոսելու են այս հարցի շուրջ։

Իր հերթին 2 օր առաջ Ռուսաստանի նախագահին նամակ է գրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, նշելով՝ «ցավոք, կողմերի միջև դեռևս պահպանվում է նոր վեճերի ի հայտ գալու պոտենցիալ վտանգը՝ կապված սահմանագծման հարցի հետ»։

Հաշվի առնելով հարցի բացառիկ կարևորությունը՝ նախագահ Սարգսյանը խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին և այն ավարտին հասցնել՝ բացառելու հետագա լարվածությունը:

XS
SM
MD
LG