Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն ընդունել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչներին


«Դառն իրողությունն ընդունելու խիզախություն պետք է ունենանք, գնահատական տանք մեր սխալներին ու արդյունավետ քայլերով առաջ շարժվենք», - այսօր հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի թիմի և կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ նախագահի գրասենյակի, հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի և մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել իրավիճակից դուրս գալու ելքերին և լուծումներին:

Խոսելով առկա ճգնաժամային իրավիճակի և պատերազմի ընթացքում կրած կորուստների մասին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ որպես ժողովուրդ և պետություն այլ ընտրություն չկա, քան միասնական ուժերով, ձեռք ձեռքի տված ոտքի կանգնելը:

Նա արձանագրել է, որ առաջ շարժվելու համար նախ պետք է սթափ ու ճշգրիտ գնահատել իրավիճակն ու հնարավորությունները, պետք է գիտակցել, որ հայ ժողովուրդը մի շարք ճգնաժամերի է առերեսվել, պետք է ընդունել իրողությունն ու մտածել դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին:

Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ընդգծել է համակարգային լուծումների, ինստիտուտների կարևորությունը՝ նկատելով, որ առանձին անհատներ ի զորու չեն միայնակ հաղթահարել այս դժվարությունները։

«Փրկիչներ չկան: Մենք պետք է ունենանք զարգացման տեսլական, ռազմավարություն, ծրագիր: Մենք պետք է հետևողական ու տքնաջան աշխատանքով, կարգապահությամբ կառուցենք մեր պետական ինստիտուտները: Դրա համար մենք առաջին հերթին պետք է ընդունենք, որ ունենք խորը ճգնաժամ, ընդ որում, ոչ թե մեկը, այլ՝ մի քանիսը: Մենք պետք է հրաժարվենք ցանկալին որպես իրականություն մատուցելուց, հրաժարվենք ստից ու կեղծիքից, ֆեյքերով միմյանց վրա ցեխ շպրտելուց: Մենք, ի վերջո, դառն իրողությունն ընդունելու խիզախություն պետք է ունենանք, գնահատական տանք մեր սխալներին ու արդյունավետ քայլերով առաջ շարժվենք», - ասել է Սարգսյանը:

Նախագահն ընդգծել է, որ առավել, քան երբևէ հավատում է ժողովրդի ուժին ու ոգուն։

Սարգսյանը նշել է, որ նախապատրաստել է իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ և հանդիպման մասնակիցներին առաջարկել է ներկայացնել իրենց լուծումները։ «Միայն միասին է հնարավոր դուրս գալ իրավիճակից, հաղթահարել այս դժվարին մարտահրավերները», - եզրափակել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG