Մատչելիության հղումներ

Տիգրան Ավինյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակ


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին, հայտնում է փոխվարչապետի գրասենյակը:

Հանդիպման ընթացքում, համաձայն հաղորդագրության, մանրամասն քննարկվել են Արցախին վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը կարծիք են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի համապարփակ կարգավորման միակ ձևաչափն է:

Տիգրան Ավինյանը կարևորել է Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևերի ընդունումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: Այդ համատեքստում հայկական կողմը բարձր է գնահատել Ֆրանսիայի ժողովրդի, ինչպես նաև նախագահ Էմանյուել Մակրոնի անձնական ներգրավվածությունը տեղահանված անձանց մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում: Ընդգծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը մշակութային ժառանգության կոթողների պահպանման հարցում:

Խոսելով գերիների փոխանակման գործընթացի մասին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայկական կողմն առաջարկել է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ինչպես նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների վերադարձնել նրանց:

Փոխվարչապետը նշել է, որ այժմ կառավարությունն աշխատանք է տանում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի կազմման ուղղությամբ, որը պետք է նպաստի երկրի տնտեսական ակտիվության վերականգնմանը:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին, Ֆրանսիայի դեսպանն ասել է, որ հայ-ֆրանսիական օրակարգը բավականին հագեցած է և պետք է ակտիվ աշխատանքներ տանել նոր նախագծեր կյանքի կոչելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG