Россельхознадзор-ն արգելել է ադրբեջանական լոլիկի և խնձորի ներմուծումը Ռուսաստան: Россельхознадзор-ում ադրբեջանական բանջարեղենի և մրգի էմբարգոն բացատրել են ռուսաստանցիների առողջության մասին հոգատարությամբ: Ինչպես պարզվել է, Ադրբեջանի Պարենային անվտանգության գործակալությանը բազմիցս նախազգուշացրել են, որ իրենց արտադրանքը սանիտարական նորմերին չի համապատասխանում:
Գերատեսչությունում ասում են, որ միայն հոկտեմբերի 22-ից մրգերի և բանջարեղենի մեջ 17 անգամ գտել են կարանտինային օբյեկտներ կամ հարավամերիկյան լոլիկի ցեց: Տարեսկզբից գրանցվել է վնասակար օրգանիզմների հայտնաբերման գրեթե 90 դեպք, մինչդեռ անցած տարի Ադրբեջանն առաջին տեղն էր զբաղեցրել լոլիկի ներմուծման ծավալով և երրորդը՝ ներկրված խնձորի քանակով:
Անցած տարի Ադրբեջանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 72 հազար տոննա լոլիկ և դրա դիմաց ստացել է գրեթե 190 միլիոն դոլար, այնպես որ այս արգելքը զգալի հարված է հասցնում այդ երկրի գյուղատնտեսական ոլորտին:
Ադրբեջանում սա բացատրել են տեխնիկական սխալներով, մինչդեռ ռուսաստանցիները սոցիալական ցանցերում գրում են, որ արգելքի իրական պատճառը ցեցը չէ, այլ քաղաքականությունը: Բանն այն է, որ Россельхознадзор-ը նախկինում վնասակար օրգանիզմներ էր գտնում այս կամ այն երկրից ներմուծած ապրանքներում, եթե այդ երկրների հետ Ռուսաստանն ունենում էր լուրջ տարաձայնություններ:
«Սպասելի էր: Ղարաբաղում կրած պարտությունից հետո Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրումը, հետաքրքիր է, թե հիմա ինչ գին է ունենալու լոլիկը ռուսաստանցիների համար», - Թվիթերում գրել է Սերգեյ Զոլբերգը:
Հինգ տարի առաջ, երբ Սիրիայում թուրքական ուժերը խոցել էին ռուսական կործանիչը և կտրուկ վատացել էին ռուս-թուրքական հարաբերությունները, Ռուսաստանն արգելել էր թուրքական լոլիկի ներմուծումը երկիր: Այն ժամանակ Մոսկվայում կատակում էին, որ ռուս օդաչուների սպանության համար մեղավոր են նշանակել թուրքական լոլիկներին:
Այսօր հրապարակավ ռուս-ադրբեջանական հարաբերությունները նորմալ են: Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման հետ կապված Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կան որոշ տարաձայնություններ, սակայն թե՛ պաշտոնական Մոսկվան, թե՛ պաշտոնական Բաքուն խոսում են բարեկամական հարաբերությունների մասին: