«Մենք չենք ուզում ցնցումներ։ Մեզ հանրային համերաշխություն է պետք», այսօր իր տարածած ուղերձում հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն՝ ընդգծելով՝ ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնան անցյալում։
Մանուկյանը կարևորել է գործող Ազգային ժողովի կայունացնող դերակատարումը ստեղծված քաղաքական ճգնաժամում։
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն կոչ է արել իրավապահներին՝ պահպանել հասարակական կարգը, «չդառնալ քաղաքական գործիք պարտված իշխանության ձեռքում»։
Սա նեղ կուսակցական շարժում չէ, ընդգծել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն՝ շարունակելով՝ սա միայն իշխանափոխության շարժում չէ, «սա նախևառաջ արժանապատվության շարժում է, պարտության խարանը մեր վրայից մաքրելու, մեջքներս ուղղելու և ապագան կերտելու շարժում է»։
«Թե ինչու պետք է հեռանա այս վարչախումբն իր պարագլխի հետ, լրացուցիչ բացատրության կարիք չունի, քանզի խայտառակ կապիտուլյացիայից հետո այլ բան չի կարող լինել։ Մենք ժողովրդի աջակցությամբ կձևավորենք ազգային համաձայնության նոր կառավարություն, կլծվենք հրատապ խնդիրների լուծման գործին, կնախապատրաստենք նոր ընտրություններ», - իր ուղերձում ասել է Վազգեն Մանուկյանը։
Վազգեն Մանուկյանը, հիշեցնենք, դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե Փաշինյանը «թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով», կամ որ «շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»։ Մանուկյանի այս հայտարարությունը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այն որակել էր «բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն»։