Մատչելիության հղումներ

Անհետ կորած զինծառայողների հարազատները դարձյալ կոնկրետ պատասխան են պահանջում


Նախ Էջմիածնի զորամաս, ապա Պաշտպանության նախարարություն․ անհետ կորած զինծառայողների կանայք, մայրերն ու հայրերը, հարազատները արդեն հիսուն օր է նրանց են փնտրում։

Սյուզի Ղուկասյանն ամուսնուն է փնտրում։ Գրեթե երկու ամիս է պատկան մարմիններից ոչ մի տեղեկություն չեն փոխանցում․ - «Մեզ ոչ մի ստույգ տեղեկություն չեն տալիս, մեզ ամեն օր խաբում են՝ վաղը, մյուս օրը, վաղը, մյուս օրը։ Հենց ուզում ենք գեներալ Մակարյանի հետ հանդիպել, որովհետև ինքն ա եղել խմբի ղեկավարը, իր հրամանով ա խումբը ուղևորվել էնտեղ՝ չունենալով համապատասխան պաշտպանական միջոցներ, զինտեխնիկա․․․ ոչ մի բան չունենալով իրենց հետ։ Մարդիկ գնացել են էնտեղ առանց զրահաբաճկոնների»։

Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված և անհետ կորած մի քանի տասնյակ զինվորների հարազատներն ասում են, թե Կառավարությունից խոսքից զատ ոչինչ չեն տեսնում։ Ասել են՝ սպասեք, լավ կլինի։ Հիսուն օրից քսանհինգը այն նույն պատասխանը։

«Հիմա արդեն էլ սպասելու տեղ չկա։ Հիմա պետք ա մենք ասենք, իրենց լսեն։ Իրենք պետք ա ասեն, թե ով ինչ ակնկալիք ուներ, որ տվյալ գործողությունը պետք ա լիներ։ Ո՞ւմ համար, ո՞ւմ հետագայի համար մատաղ արեցին էդ տղերքին։ Իրենք պատրաստված չեն էղել, ոչ մի մարտական գործողության իրանք պատրաստված չեն էղել։ Նշանյան Վարդանը, Անդրանիկ Մակարյանը հիմնվել են միայն տղաների ֆիզիկական պատրաստվածության վրա», - ասաց հավաքվածներից մի կին։

«Ոնց էրեխեքին տարել են, գցել են թուրքի բերան, թող հիմա էլ նույն ձևի գնան վեկալեն բերեն մեր էրեխեքին։ Մենք մենակ էդ ենք պահանջում», - հավելեց մեկ այլ կին։

25-ամյա պայմանագրային զինծառայող որդում է փնտրում Տիգրան Ադոյանը․ - «Ամսի 21-ին տարել են գործողությունների, ու տարել են ընենց տեղ, որ անմիջապես պատերազմի մեջ են ընկել, կռվի մեջ են ընկել։ Իրանք էղել են առանց բրոնեժիլետ, առանց կասկա, չորս մագազին պատրոնով ընդամենը։ Իրանց տարել են, ու չկան։ 62 հոգուց 22 հոգին դուրս են էկել, 40 հոգին էսօր չկան»։

Ադոյանն ասում է, որ եղել են ծնողներ, որոնք կարողացել են կապվել իրենց զավակների հետ, բայց այժմ նրանք էլ լուր չունեն․ - «Դրանք էլ չկան։ Դրանք կարող ա գերի ընկած լինեն, հնարավոր ա փախած ըլնեն, բայց չկան։ Անտառներում 50 օր մնալուց հետո ի՞նչ կընլնեն»։

Հարազատների պահանջը մեկն է՝ անհապաղ որոնողական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, ուր տարել են իրենց որդիներին։

«Մենք հիմա պահանջում ենք, որ մեր տարածքը, որ կա, ընենց տարածք ա, որ մենք իրենց տեղերը գիտենք, որ մտնեն էդ տեղերից մեր էրեխեքին դուրս հանեն։ Եթե մինչև հիմա իրանք Հադրութ չեն մտել, Զանգելանը Հադրութին 70 կիլոմետր հեռու ա․․․ Դե հաշվեք, որ վեցը տարի հետո նոր կհասնեն Զանգելան»։

XS
SM
MD
LG