Վիկտորյա Ռստակյանի երկուս ու կես տարեկան երկվորյակ երեխաները սկսել են հաճախել իրենց տնից ոչ հեռու գտնվող մասնավոր «Մեր բակը» մանկապարտեզ նոյեմբերի 30-ից։ Ծանոթների խորհրդով ծնողներն ընտրել են այս հենց մանկապատերզը, որն ունի 3 մասնաճյուղ քաղաքի տարբեր թաղամասերում։
Երեխաներից մեկը պատմել է մայրիկին, որ հարվածել են քույրիկի թևին, երբ նա լաց է եղել, ինչից հետո մայրիկի մոտ կասկածներ են առաջացել, թե միգուցե մանկապարտեզում իր պատկերացրած մթնոլորտը չի տիրում։ Ստուգելու համար ձայնագրող սարք է տեղադրել խաղալիքի մեջ ու երեխայի հետ ուղարկել մանկապարտեզ։
«Կտամ կսատկացնեմ, հերիք ա, զզվցրեցիք․․․ ու երեխան հեկեկում ա մոտ երկու ժամ։ Հետո էս երեխան ա լացում, սրան են ծեծում, էն երեխան ա լացում, նրան են ծեծում։ Ու էդ ամբողջ յոթ ժամվա մեջ դու չես լսում խաղ, երաժշտություն», - ձայնագրությունից փոխանցում է Ռստակյանը։
Ընդամենը մի քանի օր երեխաներին մանկապատեզ ուղարկած ծնողի խոսքով, ինքն էլ չէր պատրկացնում, թե ինչ կարող էր հայտնաբերել մանկապարտեզի կրտսեր խմբում, ուր հաճախում են երեխաներ սկսած երկու տարեկանից։ Երեխաներին վիրավորում են, սպառնում, բղավում նրանց վրա և վախեցնում տարբեր միջոցներով՝ հայրիկդ կգա, քեզ կծեծի, լեզուդ կկտրենք, քեզ կգցենք մութ սենյակ։
Անուշ Ալեքսանյանը հայտնաբերել է, որ իր 3 տարեկան որդուն է ուղղված եղել «ձայնդ կտրիր, թե չէ մկրատով լեզուդ կկտրեմ» սպառնալիքը։ Երեխան այդ հասատատություն էր հաճախում հոկտեմբերի 1-ից․ - «Չեմ պատկերացնում ոնց կարելի ա էրեխու նկատմամբ տենց վարվել։ Երեխուս ասում ա դանակով վիզդ եմ կտրելու, մկրատով լեզուդ եմ կտրելու, անասուն, ոչխար, դրանից հազիվ դու ծնվես, դրանը ես եմ։ Ասում ա, որ պապադ գալու ա քեզ սատկացնի․․․ Ամուսնուս հետ էս ընթացքում վարքագիծը փոխվել էր տղայիս, չէր շփվում»։
Երեխաների ծնողները մինչև ոստիկանություն դիմելը զրույց են ուենցել նաև տնօրենի հետ։
«Իրանք ժխտել են, հերքել են։ Մենք ձայնագրությունը միացրել ենք, քաշքշուկ ա եղել, մեզ դուրս են շպրտել մանկապարտեզից։ Մենք որոշեցինք գանք ոստիկանություն»։
Ոստիկնաությունից տեղեկացանք, որ դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Մինչ այդ ծնողների շատերը դիմել են մասնագետների օգնելու երեխաներին հանել հոգեբնական այս վիճակից։
«Ազատության» նկարահանող խմբի առջև մանկապարտեզի դռները այդպես էլ չբացվեցին, թեև նկատելի էր, որ ներսում աշխատողներ կան։ Զանգահարեցինք հասանելի բոլոր հեռախոսահամարներով, պատասխանեց նույն մանկապարտեզի մյուս մասնաճյուղի տնօրեն Անի Հայրապետյանը։ Նա ասաց, որ սկանդալի կենտրոնում հայտնված մասնաճյուղի տնօրենն իր քույրն է, իսկ կենտրոնների հիմնադիրը իրենց մայրն է․ - «Թույլ տվեք հետաքննությունը ավարտվի, հասկանանք ինչ եզրակացություններ կան, ըստ այդմ մենք կամ մամլո ասուլիս կհրավիրենք, կամ կպարզաբանենք, կմեկնաբանենք ձեր հարցերը»։
Եթե նման միջադեպ տեղի ունենար Երևանի համայնքապետարանի կազմում գործող որևէ մանկապարտեզում, ապա դեռ մինչև ոստիկանությունում քննության ավարտը քաղաքապետարանը անելիք կունենար, ասում է Երևանի ավագանու անդամ Աննա Ջավախյանը, որն արդեն տարիներ շարունակ զբաղվում է մանկապարտեզներին առնչվող խնդիրիներով ու դրանց մասին բարձրաձայնելով։
«Մասնավորների ոլորտում տարիներ շարունակ վերահսկողական մեծ խնդիրներ են եղել, քանի որ մինչև հիմա էլ Երևան քաղաքի մասնավոր մանկապարտեզների ճնշող մեծամասնությունը չունի լիցենզիա։ Հենց այն մանկապարտեզն էլ, որտեղ դեպքը տեղի էր ունեցել, ձայնագրությունը տարածվեց, ասացին, որ լիցենզիա չունի», - ասաց Ջավախյանը։
Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը ամիսներ առաջ փոփոխություններ է մտցրել նախադպրոցական կրթության օրենքում, որով խստացվում է երեխաների կրթությանն առնչվող նման կենտրոնների գործունեության պայմանները, սակայն այս փոփոխություններն ուժ մեջ կմտնեն միայն 2023 թվականին։