Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը համատեղ նոր զեկույց են հրապարակել՝ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»:
Ըստ Արման Թաթոյանի, զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով:
Զեկույցն, ինչպես պաշտպանն է ասում, նաև ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք է:
«Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճած թիրախում ունենալով երեխաների: Ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ հայերի խոշտանգումը ոչ միայն մնալու է անպատիժ, այլ արժանանալու է իշխանական ու հասարակական գովասանքի», նշել է Թաթոյանն ու տեղեկացրել, որ զեկույցը կուղարկվի միջազգային մարմիններին: