Ճիշտ 40 տարի առաջ՝ 1980 թվականի դեկտեմբերի 8-ին, խենթ ահաբեկիչ Մարկ Չեփմենը Նյու Յորքում չորս գնդակ արձակեց սիրո ու մահվան, պատերազմի և խաղաղության մասին երգեր հեղինակած իր ժամանակների հրեշտակ, հանճարեղ երգահան ու մի ամբողջ սերնդի առաջնորդ, բիթլ Ջոն Լենոնի վրա:
Դեպքի վայր հասած ոստիկանները տեսան Չեփմենին՝ հենց տան շքամուտքըի մոտ, նա գիրք էր կարդում և սպասում էր, որ իրեն ձերբակալեն:
«Դու ինչ ես արել, տո այ...»,- էդտեղ ծագումով իռլանդացի պարզամիտ ոստիկանը մի քանի թունդ խոսք է ավելացրել, - «Դու հասկանո՞ւմ ես ինչ ես արել»: «Այո»,- անվրդով արձագանքել է Չեփմենը, - «Ես սպանել եմ Ջոն Լենոնին»:
Ջոնը դեռ չէր մահացել, անգիտակից վիճակում էր, ոստիկանները նրան անմիջապես փոխադրել են մոտակա հիվանդանոց, որտեղ բժիշկները երկար տանջվել են, բայց չեն կարողացել փրկել 40-ամյա երգչին:
«Շանս չկար, նա շատ արյուն է կորցրել, և կենսական օրգաններն ու հանգույցներն են վնասվել, նույնիսկ ամենանվազ շանսը չուներ»,- հիվանդանոցի մոտ հավաքված լրագրողներին ասել է բժիշկը:
Ցմահ ազատազրկիման դատապարտված Չեփմենը չորս տասնամյակների ընթացքում մի քանի անգամ հարցազրույց է տվել, ասել է, որ զղջում է, որ հրեշավոր արարքը հոգեկան խանգարումի հետևանք էր:
Նա ժամանակ առ ժամանակ ներման դիմումներ է ներկայացնում, դրանք մերժվում են: Հաջորդ անգամ նա կարող է նոր դիմում գրել 2022-ին:
Ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդկանց համար Ջոն Լենոնի սպանությունը ողբերգություն է: Բիթլն այս տարվա հոկտեմբերի 9-ին կդառնար 80 տարեկան:
Ամեն տարի հոկտեմբերի 9-ին և դեկտեմբերի 8-ին տասնյակ հազարավոր երկրպագուներ հավաքվում են Նյու Յորքի Կենտրոնական այգում, երգում են, մոմեր են վառում: Ջոնին հարգանքի տուրք են մատուցում ամբողջ աշխարհում:
Երգչի երազանքներից էր՝ աշխարհ, որտեղ չկան սահմաններ, չկա ագահություն, կրոն, սեփականություն, չկա իրար նախանձելու, իրար ատելու և մեկմեկու սպանելու առիթ, միայն կան մարդիկ, ովքեր ապրում են խաղաղության մեջ:
«Դու կարծում ես՝ ես երազող եմ, բայց ես միակը չեմ, հուսով եմ՝ մի օր ինձ կմիանաս, և աշխարհն այդպիսին կլինի», - երգում էր Ջոնը:
Նրա այդ երազանքը դեռ սոսկ երազանք է մնում: Այս դաժան 2020-ին բոլորս տեսանք մահ ու ավեր, մեծ դժբախտություն, որը նաև մեր ժողովրդին բաժին հասավ:
Բայց նույնիսկ ամենաչար, ամենասև ժամին աշխարհում կան մարդիկ, ովքեր գրում են երգեր համայն մարդկության խաղաղության մասին, և կան մարդիկ, ովքեր լսում են այդ երգերը: