Մատչելիության հղումներ

Բագրատաշենի մաքսակետն անցել է բնականոն աշխատանքի


Բագրատաշենի մաքսակետն անցել է բնականոն աշխատանքի: Վերականգնվել են բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը անցակետով, հաղորդում են Պետեկամուտների կոմիտեից։

Բագրատաշենի մաքսային կետի բաժնի պետ Գեղամ Վանունին ասում է. «Բագրատաշենի մաքսակետը լիարժեք անցել է բնականոն աշխատանքային հունի, այն է՝ 24-ժամյա ռեժիմով իրականացնում է սպասարկման ծառայություն և կարող եմ ասել, որ բեռնատարների հոսքն էապես ավելացել է»:

Սեպտեմբերի 28-ին պատերազմի պայմաններում կոմիտեն անվտանգ չէր համարել դեպի Վրաստան գնացող այն ճանապարհահատվածները, որոնք անցնում են ադրբեջանաբնակ գյուղերով։ Հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորել էին Բագրատաշեն-Սադախլո անցակետի փոխարեն սահմանը հատել Բավրայի մաքսակետով:

ՊԵԿ-ը ռազմական դրության պայմաններում զգոնության կոչ էր արել և հորդորել Հայաստան-Վրաստան ուղղություններով երթևեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի:

Մարդատար ավտոմեքենաների համար ելքի ճանապարհը փակ է դեռ այս տարվա մարտից, երբ Հայաստանում գրանցվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը։ Այսօր Բագրատաշենի մաքսակետում վտանգները վերացած են համարում և նշում, որ օր-օրի ավելանում է բեռնատարների հոսքը։

«Ամսի 1-ի դրությամբ մենք ունենք 410 բեռնատարների մուտք և ելք: Այսօրվա դրությամբ ունենք շուրջ 650-700 տրանսպորտային միջոցների, բեռնատարների մուտք և ելք: Բագրատաշենի մաքսակետը հոսքերի ավելացման դեպքում ի զորու է իրականացնել պատշաճ մակարդակով իրեն վերապահված մաքսային գործառույթները», - նշեց Գեղամ Վանունին:

Մինչդեռ, մաքսակետի հարևանությամբ, Բագրատաշեն գյուղի կենտրոնում տարիներ շարունակ առևտուր արած կանայք իրենց համար վտանգները վերացած չեն համարում։ Մառնեուլցիների հետ մշտական առևտրի մեջ եղած կանայք ասում են՝ պատերազմից-պատերազմ իրենց ու Վրաստանի ադրբեջանցիների հարաբերությունները սրվում են։

Դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Պետեկամուտների կոմիտեից հաղորդում են, որ այն ժամանակավորապես դադարեցվել էր վրացական կողմում ճանապարհների վերանորոգման նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG