Մատչելիության հղումներ

Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն «նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման փաստաթուղթ ստորագրելով», հայտարարում է վարչապետը


«Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել», - ուղերձով դիմելով ժողովրդին՝ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Մենք ձեր ձախողումների հետևանքներից խուսափելու գործում ենք ձախողվել: Սա է ճշմարտությունը»:

«Դիվանագիտական հաջողությունը վերջին 25 տարվա մեջ ամենատարբեր ատյաններում ընդունված բազմաթիվ փաստաթղթե՞րն էին, որտեղ հստակ ֆիքսվում էր Ադրբեջանի տարածքների օկուպացված լինելը, և որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Դիվանագիտական հաջողությունն այն էր, որ Ադրբեջանը 2013 թվականից սկսեց ռազմական էսկալացիայի փուլ, ու ոչ ոք չէր դատապարտում նրան դրա համար: Ինչո՞ւ, որովհետև երբ մտնում ես օդանավի զուգարան և փակում դուռը, գրվում է occupied: Շատերդ չեք հավատա, բայց սա 2000-ականների բանակցողի հրապարակային արտահայտությունից գրեթե բառացի մեջբերում է», - ասաց վարչապետը:

«Մեզ մեղադրում են, որ պատերազմից չկարողացանք խուսափել, խուսափող էիք 2016 թվականին խուսափեիք պատերազմից: Չկարողացաք խուսափել, կարողացաք պատերազմը կանգնեցնել տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Իսկ թե ինչո՞ւ այս անգամ իրենց նույնը չի հաջողվել, վարչապետը նշեց. «Որովհետև մեզ ասվում էր՝ քանի որ նախկինում Հայաստանն արդեն մի քանի անգամ բանավոր խոստացել է վերադարձնել տարածքներ ու չի վերադարձրել, հիմա միայն գրավոր կարող է լինել խոսակցությունը և կոնկրետ ժամկետների նշումով»:

Պատերազմը, ըստ վարչապետի, հնարավոր էր կանգնեցնել միայն «նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման փաստաթուղթ ստորագրելով»:

«Նկատի ունեմ նման մի փաստաթուղթ ստորագրելով պատերազմից առաջ կամ մեկնարկին: Ի դեպ, պատերազմի առաջին օրը Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը ու ասել եմ՝ ինչ գնով, բա էն ժամանակ ինչո՞ւ հայտարարություն չէիք անում, թե համաձայն եք սկզբունքին, թե պետք է կանգնեցնել պատերազմը», - ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Թուրքիան Ղարաբաղի հարցի մեջ մտել է «ֆուտբոլային դիվանագիտության հետևանքով». «Երբ հայկական դիվանագիտության ձախողման հետևանքով հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքներն օկուպացված են»:

Անդրադառնալով գերիների թեմային՝ վարչապետն ասաց, որ այս հարցում որոշակի առաջընթաց կա:

«Այստեղ, ուզում եմ ասել, որ որոշակի առաջընթաց ունենք, եւ, ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ: Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ պատերազմից առաջ հայկական եւ ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն: Ու հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք նրանց, ում գերեվարված լինելու փաստը այս պահին հաստատված է պաշտոնապես, այլեւ մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ եւս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն: Այստեղ մեզ պետք է որոշակի համբերություն, եւ ես կարծում եմ, որ մենք հաջողություններ կունենանք», - նշեց Փաշինյանը։

Ըստ վարչապետի կարևորագույն խնդիրներից մեկը անհետ կորածների ճակատագիրը պարզելն է, և այս գործընթացը նույնպես թեկուզ դանդաղ, բայց ընթանում է:

«Ուրեմն, ի՞նչ է տեղի ունենում. մի կողմից՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերումն է կատարվում: Մյուս կողմից, Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի մարմինների ճանաչում է կատարվում», - նշեց նա:

Նոյեմբերի 9-ից հետո, ըստ Հայաստանի կառավարության ղեկավարի, հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին: Ավելի քան 500 մարմին այս պահին գտնվում է ճանաչման փուլում:

«Մեծ հավանականությամբ, ցավոք սրտի, այս մարմինները անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են: Հիմա ընթանում է նրանց ճանաչման գործընթացը, որը կատարվում է հետեւյալ կերպ. վերցվում է մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատներից վերցրած ԴՆԹ նմուշի հետ: Այս գործընթացը, ցավոք, բավական ժամանակատար է», - հավելել է վարչապետը:

Հայաստանի կառավարության ղեկավարը նաև որոշակի տեղաշարժ է նկատում Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ փոխպետքարտուղարը, համատեղ հայտարարություն են ընդունել: Այդ հայտարարության մեջ կարևոր շեշտադրումներ կան: Վերահաստատվել է Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու և լիարժեք բանակցային գործընթաց վերականգնելու կամքն ու ցանկությունը», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի, սա ևս մի կարևոր գործոն է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված հրադադարը և ռազմական գործողությունների դադարն ամրապնդելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG