Մոտ մեկ ամիս առաջ ավարտված պատերազմի մասնակից, ժամկետային զինծառայող Նաիրի Բեկթաշյանի մայրը՝ Գեղեցիկ Վերանյանն ասում է՝ պատերազմը տառապանք է առաջին հերթին մայրերի համար։
Սկսվելուց հետո գրեթե մեկ ամիս, ամեն օր զանգ է ստացել կռվի ամենաթեժ կետերից մեկում՝ Մարտունիում ծառայություն անցած որդուց։
Կյանքի ամենածանր գիշերը եղել է հոկտեմբերի 25-ին, երբ զանգեր չեն եղել․ - «25-ի օրը ես պահածո էի պատրաստում։ Ինքը զանգը ուշացրեց, մեծ որդիս ասեց՝ մամ, լավ ա լինելու, էսա ինքը կզանգի։ Ասի՝ Կարեն ջան, պատկերացնո՞ւմ ես, ոչ թե ես եմ էս պահածոյին փակում, այլ ինքն ա ինձ փակում։ Չանցավ ընդամենը 15 րոպե, զանգը էկավ, որ Նաիրին վիրավորվել ա»։
Որդու ծանր վիրավորման մասին լուրը տակնուվրա է արել մոր սիրտը, բայց ասում է՝ թաքուն հուսադրել, որ գոնե ողջ է ու կարող է ապաքինվել։
20-ամյա Նաիրին վստահեցնում է, որ իրենց զորամասը պատվով է կատարել մարտական բոլոր առաջադրանքները։ Կարկուտի նման թափվող ռումբերի տակ մինչև վերջ պաշտպանել են իրենց դիրքերը։ Բայց, ցավոք, դիրքեր բարձրացող մի մեծ զորախումբ անօդաչուների թիրախում է հայտնվել, դիրքերն ու իրենց զորամասը հակառակորդի վերահսկողության տակ են անցել։
Պատմում է՝ ինչպես են աչքի առաջ շատ զինակից ընկերներ զոհվել, որոնց հետ մեկ ու կես տարի միայն հետագա ծրագրերի մասին են խոսել ու կատակել, բայց երբեք հնարավոր պատերազմն ու դրա արհավիրքը զրույցի թեմա չեն եղել․ - «Էդ պայթյունը որ էղավ, գլուխս թեքվեց հարվածից, ու ոնց որ կինոյում լինեի, դանդաղացրած կադր լիներ․․․ ձենը շատ կամաց էր լսվում, ու ամեն ինչ դանդաղ էր մի հինգ վայրկյան։ Ու հետո արդեն հասկացա, որ «Կամազը» տրաքացրել են, ու բոլորս խուճապահար ուզեցինք դուրս գալ «Կամազից»։ Դուրս էկա ու շնչառությունս չէր բավարարում, որ էլի շարունակեմ։ Ընկա գետին, ասեցի մի քիչ շնչառությունս կարգավորեմ, շարունակեմ։ Էդ ժամանակ մեր վիրավորներից մեկը տեսողությունն էր կորցրել, ինձ խփեց, ինքը ընկավ գետին։ Ասեցի, որ ես եմ, ամեն ինչ լավ կլինի․․․ Տեսանք շտապօգնության ավտոն, իրար ձեռ-ձեռի տված, օգնելով հասանք»։
Ծանր վիրավորում ստացած զինվորն արդեն ապաքինվում է։ Ֆրանսիացի կամավոր բժիշկներն են վիրահատել։ Օրեր առաջ տեղափոխվել է հայրենի գյուղ՝ Լոռու մարզի Շնող համայնք։ Մարմնի տարբեր հատվածներում դեռ բեկորների հետքեր կան։ Գուցե երբեք չվերանան՝ իրեն հիշեցնելով իր կյանքի, թերևս, ամենամեծ արհավիրքը։
Չնայած 20-ամյա զինվորը հաստատուն ձայնով ասում է, թե լիարժեք ապաքինվելուց հետո պատրաստ է շարունակել ծառայությունը․ - «Վախ չունեմ ընդհանրապես։ Եթե մի քիչ կազդուրվեմ, եթե զգամ ես պատրաստ եմ, ես էլի նույն ձևի կարամ գնամ կռվեմ»։