Մատչելիության հղումներ

Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել անգամ ամենածանր իրավիճակներից, հայտարարում է ԱԳ նախարարը


«Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել անգամ ամենածանր իրավիճակներից: Խնդրում եմ վստահեք և հավատացեք հայ դիվանագիտությանը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ըստ Այվազյանի, լինելով ապաքաղաքական կառույց՝ «ունի մեկ հավերժական նպատակ. ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը»:

«Ցանկացած փորձ՝ հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը, հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունը և պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է արտաքին քաղաքականության և դիվանագիտության դաշտ: Վստահ ենք՝ այս գիտակցումը կիսում են երկրի և ժողովրդի ճակատագրով մտահոգ մեր բոլոր քաղաքացիները և հայրենակիցները», - նշել է նա:

Հայաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորված է նրանով, որ դիմակայել ենք անհամաչափ ուժերի:

«Մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջև, որը միասնաբար և հերոսաբար դիմակայեցին Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկչություն եռյակի կողմից սանձազերծված ագրեսիային և տապալեցին այդ ցեղասպան դաշինքի՝ պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացնելու նկրտումները: Պետք է փաստենք, որ այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորված է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի: Ինչպես և մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել է և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում: Եվ հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորը և անհնարինը՝ իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը», - նշել է Արա Այվազյանը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հավելել է. «Այժմ մենք ունենք հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, որոնց մասին ես հստակ բարձրաձայնել եմ, այդ թվում՝ երեկ հարցազրույցում և ԵԱՀԿ նախարարական խորհրդին ունեցած ելույթում: Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հրատապ հարցերի լիաժեք ու համապարփակ լուծման ուղղությամբ: Դիվանագիտությունը սիրում է լռություն: Ուստի ձեր թույլտվությամբ դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG