Մատչելիության հղումներ

Գալիք տարի Երևանը կդառնա աշխարհում ամենաարագ ինտերնետ ունեցող մայրաքաղաքը. Հայկ Եսայան


Գալիք տարի Երևանը կդառնա աշխարհում ամենաարագ ինտերնետ ունեցող մայրաքաղաքը, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Բիլայն» ընկերությունը վերջերս գնած «Տելեկոմ Արմենիա»-ի համասեփականատեր, գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հայկ Եսայան. - Բավականին այլ սկզբունքով ներդրումներ ենք իրականացնելու նոր տեխնոլոգիաների մեջ, զարգացնելու ենք օպտիկամանրաթելային ցանցը և ինչպես նշել էի մի քանի ամիս առաջ NGN` նոր generation network ենք կառուցելու, որը էս պահին նախագծման փուլում է, գրեթե ավարտվել է: Արդեն բավական մեծ ծավալով պատվերներ դրված են, որ սաքավորումները և մալուխները հասնեն Հայաստան, երկու ամսվա մեջ կլինին Հայաստանում և կսկսենք շինարարությունը, և մինչև 10 GB թողունակությամբ ցանկացած բնակարան առաջինը Երևանում կկարողանանք այդ ցանցը օգտագործել, որը հնարավորություն կտա մի շարք այլ ծառայություններ տրամադրել:

«Ազատություն». - Օրինակ՝ բնակարանում ինտերնետի արագությունը մոտավորապես 50 MB է, դա ի՞նչ է նշանակում, որքան կլինի ինտերնետի արագությունը այդ ցանցի կառուցումից հետո:

Հայկ Եսայան. - Դա այսօրվա թողունակությունն է, ամենաարագ ցանցը, որ Հայաստանում կա, 1 GB, այսինքն 1000 MB թողունակության հնարավորություն է տալիս, մենք այնպիսի ցանց ենք կառուցում, որը բաժանորդի ցանկության պարագայում մինչև 10 հազար MB արագության հնարավորություն ունի՝ 10 GB: Այնպիսի ցանց ենք կառուցում, որ շատ հեշտ կարողանանք իրեն փոխակերպել ավելի բարձր արագությունների: Այսինքն մենք մի նոր մոտեցում ենք տալիս, որպեսզի ապագայում շատ հեշտ փոխարկելի լինի մեր ցանցը նոր հնարավորություններով:

«Ազատություն». - Որքան հասկանում եմ, նման հնարավորություններով հայաստանյան ցանցը կդառնա առաջատարը տարածաշրջանում:

Հայկ Եսայան. - Միանշանակ: Կարող ենք նշել ոչ միայն առաջատարը տարածաշրջանում, վստահ եմ՝ կլինենք առաջին մայրաքաղաքը աշխարհում:

«Ազատություն». - Մյուս տարի այդ ցանցն արդեն կգործարկվի՞:

Հայկ Եսայան. - Մյուս տարի երկրորդ կվարտալում, այսինքն՝ չորրորդ, հինգերորդ ամիսներին՝ ապրիլ-մայիս ամիսներին վստահ եմ՝ կսկսենք շահագործել ոչ ամբողջությամբ, բայց մեկ տարում ամբողջությամբ՝ տարի հինգ ամսում կկառուցենք:

«Ազատություն». - Պարոն Եսայան, մտադի՞ր եք 5G կապ բելեր Հայաստան:

Հայկ Եսայան. - Այս պահի դրությամբ նույնիսկ հաճախականային տիրույթները դեռ սահմանված չեն՝ որոնք են լինելու 5G-ի համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում որքանով տեղյակ եմ քննարկումներ են գնում բոլոր օպերատորների հետ: Այս պահին, ցավոք, մեր երկրում դրա կարիքը չկա, և այդ ներդրումը, որը մենք, ցանկացած օպերատոր կատարի, դա ուղղակի փոշիացում է կամ մեկ-երկու բազային կայան պետք է տեղադրես, մարկիտինգային քայլ անես, որ նման ծառայություն ունես: Փաստացի դրա կարիքը չունենք, այսինքն 4G+-ը լրիվ բավական է բոլոր այն խնդիրները լուծելու, որ այսօր առկա են օպերատորների առաջ:

Հոկտեմբերի վերջին հայտարարվեց, որ գրեթե կես տարվա գործընթացից հետո «Թիմ» ընկերությունը ավարտել է «Բիլայն» ապրանքանիշով հայտնի Veon Armenia-ի 100 տոկոս բաժնետոմսերի գնումը, և մեծամասամբ ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանին պատկանող ընկերության նոր սեփականատերը, ինչպես այսօր էլ պնդեց Հայկ Եսայանը, բացառապես դարձավ հայաստանյան կապիտալով ընկերությունը։

Տարվա սկզբին հայտնի դարձավ, որ «Բիլայն»-ը ցանկանում է գնել Ucom ընկերությունը։ Ապրիլին Ucom-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Եսայանն ու նրա եղբայրը՝ Ալեքսանդր Եսայանը լքեցին Ucom-ը, որի բաժնետոմսերի մոտ 6 տոկոսը այսօր էլ շարունակում է պատկանել նրանց։ «Ազատության» աղբյուրներն այն ժամանակ փոխանցեցին, որ «Բիլայն»-ի գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Յուքոմ»-ի բաժնետերերին է տրամադրել իր ղեկավարած ընկերության ներքին ինֆորմացիան, որպեսզի դրա դիմաց ստանա միավորվող ընկերության տնօրենի պաշտոնը։ Բացի այդ Եսայան եղբայրները չեն համաձայնել իրենց բաժնեմասի նվազեցմանը, ինչը տեղի կունենար միավորման համար բաժնետերերի կատարելիք ներդրումների արդյունքում։ Պյատախինը հերքել էր այդ տեղեկությունը։

Ucom-ի ու «Բիլայն»-ի միավորման համար անհրաժեշտ էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետհանձնաժողովի թույլտվությունը, ի վերջո՝ մայիսին Veon Armenia-ն դիմեց հանձնաժողովին՝ հայտնելով, որ հրաժարվում է միավորման գաղափարից։

Հայկ Եսայանն այսօր հրաժարվեց նշել, թե ինչ է արժեցել «Բիլայն»-ի գնումը՝ պատճառաբանելով, որ կոմերցիոն գաղտնիք է։

«Ազատություն». - Խոսքը, որքան հասկանում եմ, մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է և ովքե՞ր են իրականում կանգնած «Թիմ» ընկերության հետևում, ովքե՞ր են սեփականատերերը, որ կարողացել են վճարել նման խոշոր գումար:

Հայկ Եսայան. - Իրական սեփականատերերն այն սեփականատերերն են, ովքեր գրանցված են, այսինքն «Տելեկոմ Արմենիա»-ի 100 տոկոս բաժնեմասերը պատկանում են «Թիմ» ընկերությանը, իսկ «Թիմ» ընկերության բաժնետերերը ես եմ, եղբայրս, այսինքն՝ ես և Ալեքսանդրը Եսայան հանդիսանում ենք եղբայրներ՝ 50-50 տոկոս: Այստեղ ոչ մի թաքցնելու բան չկա, սա պարզ և բաց գործարք է եղել, ամբողջությամբ ֆինանսավորումը կատարվել է Ameriabank-ի միջոցով, այս պահին արդեն ներգրավել ենք երկրորդ հայկական բանկը՝ մասնակի վերաֆինանսավորում ենք արել, որպեսզի դիվերսիֆիկացնենք, Ardshinbank-ով վերաֆինասավորում է տեղի ունեցել և շարունակելու ենք այդ գործընթացը, այսինքն ներգրավելու ենք նոր ֆինանսական միջոցներ, նոր հաստատություններ:

XS
SM
MD
LG