Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով՝ օրական շուրջ 30 հազար, նոր սահմանափակումներ են գործի դրվել: Այս շաբաթվանից սկսած երեկոյան 21:00-ից փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, իսկ շաբաթավերջին քաղաքացիները ողջ օրը կանցկացնեն տանը:
Հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում սահմանափակումներ են մտցվել նաև եկեղեցական առօրյայում: Պոլսո Հայոց պատրիարքարանի հաղորդագրության համաձայն, եկեղեցիները փակ կլինեն կիրակնօրյա պատարագի համար: Մյուս արարողությունները՝ կնունք, պսակ, հոգեհանգիստ, կանցկացվեն հատուկ սահմանված կարգով` առավելագույնը 30 հոգու մասնակցությամբ:
Կորոնավիրուսի հետևանքով պոլսահայության կորուստները ևս քիչ չեն: Հոկտեմբեր ամսվա ընթացքում համայնքում 23 մարդ է մահացել, նոյեմբերին՝ 43: