Մատչելիության հղումներ

Քոչարյանի գրասենյակը հակադարձում է ԱԱԾ-ին


Ի պատասխան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) այսօրվա հայտարարության,Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հակադարձում է՝ Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են և մշտապես մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների, հանրահավաքների և նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ լինել։

Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ քրեական հետապնդումներ են հարուցվել նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների, կամ կազմակերպիչների նկատմամբ։ ԱԱԾ-ն նաև նշել էր, որ «զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել նաևՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները»։

«Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ ԱԱԾ-ն, բառացիորեն արտատպելով Փաշինյանի խոսնակի հին տեքստերից մեկը, մի հաղորդագրություն է տարածել, ուր ազդարարել է Կառավարության շենքի դիմաց բողոքի գործողությունների մասնակիցների մեջ Նախագահ Քոչարյանի կողմնակիցներին հերոսաբար հայտնաբերելու մասին։Հարկ ենք համարում նշել, որ նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ լինել։ Հանրահայտ փաստ է, որ Նախագահ Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են և մշտապես մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների և հանրահավաքների։ ԱԱԾ ֆունկցիաները և կարողություններն անհրաժեշտ են մեկ այլ՝ դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում։ Մի՛ հապաղեք», - ասված է Քոչարյանի գրասենյակի հատարարությունում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ի գիշերը, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ալիևի և Պուտինի հետ, Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին․ ցուցարարները ներխուժեցին Կառավարության, Ազգային ժողովի շենքեր, սկսեցին վնասել գույքը։ Այդ օրը դաժան ծեծի ենթարկվեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG