Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը և նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը նախօրեին հանդիպել են ոչ մուսուլման փոքրամասնությունների համայնքների առաջնորդներին:
Հանդիպմանը ներկա է գտնվել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Երկրորդ Մաշալյանը հունական, հրեական, ասորական համայնքների հոգևոր առաջնորդների, համայնքային հիմնադրամների ներկայացուցիչների հետ մեկտեղ: Շուրջ երեք ժամ տևած զրույցի ժամանակ քննարկվել են համայնքների հոգևոր, կրթական հաստատությունների խնդիրները, համայնքապատկան գույքի վերադարձին առնչվող իրավական հարցեր: Թուրք պաշտոնյաները հանդիպումը կարևոր ու արդյունավետ են գնահատել:
Պոլսո Հայոց պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ ևս ընդգծվում է, որ խորհրդակցությունը դրական մթնոլորտում է անցել, քննարկումները եղել են կառուցողական և արգասաբեր: