Շիրակի մարզում կովիդով հիվանդները բուժում են ստանում 2 բուժհաստատություններում՝ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց»-ում և «Գյումրի» բժշկական կենտրոնում: Այս պահի դրությամբ երկու բուժհաստատություններում ընդհանուր թվով ստացիոնար բուժում է ստանում148 հիվանդ:
Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հիվանդանոցը գերբեռնված է, հոսպիտալացված հիվանդների վճակն էլ՝ ծանր:
«100 մահճակալից 93-ը զբաղված է։ Հիմնականում ընդունում ենք թոքաբորբով և խրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտների։ Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ունենք 15 մահճակալ, որից 15-ն էլ զբաղված է, և հիվանդները ծանր են։ Ըստ դինամիկայի, այժմ թվերն աճում են։ Սկզբում հիվանդների վիճակը գնահատվում էր ավելի թեթև, իսկ հիմա հիմնականում բոլորն ավելի ծանր են», - «ասաց հիվանդանոցի տնօրենը։
Բեյբությանն այս պահի դրությամբ հիվանդության նվազման միտում չի տեսնում։ Նրա խոսքով՝ իրենց հիվանդանոցի բոլոր՝ 60 շնչառական սարքերն էլ զբաղված են:
«Այս պահին 7 մահճակալ ազատ է, բայց մեր դուրսգրումների հաշվին է այդ 7-ն ազատ, որը մինչև երեկո հաստատ լրացվելու է և ազատ չի մնալու։ Ոչ մի րոպե, ոչ մի մահճակալ ազատ չի մնում», - ասաց հիվանդանոցի տնօրենը։
Քանի որ վերջին շրջանում վիրուսը շատ արագ տեմպերով տարածվում էր և մեկ բուժհաստատությունը չէր բավարարում, Առողջապահության նախարարությունը ստիպված եղավ «Գյումրի» բժշկական կենտրոնում ևս բաժնմունք բացել կովիդով հիվանդների համար:
Փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ստիպված են ավելի շատ հիվանդներ ընդունել, քան եղած մահճակալների թիվն է։ Նրա խոսքով՝ հիմնականում ընդունում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին:
«50 մահճակալ է, բայց մենք ունենք ավելին դրած մահճակալներ, մաքսիմալ հոսպիտալացնում ենք հիվանդներին։ Գրեթե 100 տոկոսով աշխատում է, շատ քիչ օրեր են լինում, որ մեկ-երկու տեղ ենք ունենում ազատ։ Իհարկե շարժը կա՝ դուրսգրումներ և այլն, բայց, միևնույն է, ծանրաբեռնված է աշխատում հիվանդանոցը, մեծ մասը ծանր հիվանդներն են, հազվադեպ ենք ունենում միջին ծանրության հիվանդներ։ 99 տոկոսով հիվանդներն ունեն թթվածնի գերխնդիր, ունեն ուղեկցող հիվանդություններ, ունեն իրենց հիմնական հիվանդությունների սրացված վիճակ, կամ զուգահեռ հիվանդություններ, որոնք որ ձեռք են բերել քովիդի ընթացքում», - ասաց Արմեն Խաչատրյանը։
Հիվանդանոցը մոտ 300 հիվանդ արդեն ընդունել է: Տնօրենի փոխանցմամբ, լինում են դեպքեր, երբ հիվանդին հոսպիտալացնել չեն կարողանում: «Տանը նաև բուժվում են շատ հիվանդներ, որոնք նաև թոքաբորբով են, որովհետև օրեր են լինում, որ մենք մահճակալ չենք ունենում ու ստիպված ենք լինում չընդունել», - ասաց Խաչատրյանը՝ շարունակելով․ - «Մենք մեր ազատ մահճակալների թիվն ամեն օր հայտնում ենք կենտրոն, որտեղ հավաքագրվում են ամբողջ Հայաստանի հիվանդների բազան, և կենտրոնն ուղղորդում է հիվանդներին համապատասխա կլինիկաներ։ Օրինակ այստեղ հիվանդներ ունենք Ալավերդիից, Վանաձորից, Տավուշի մարզից, Երևանից ունենք հիվանդներ»։
Նշենք, որ քովիդ դրական թեստով այս պահին մարզում 362 հիվանդ է մեկուսացած: