Մատչելիության հղումներ

Թաթոյանի փոխանցմամբ, ադրբեջանական կողմի խոշտանգումները, դաժանություններն, անմարդկային վերաբերմունքը մեծ ծավալի են


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ավարտել է պատերազմի ընթացքում գերիների՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների հերթական փուլը:

Ֆեյսբուքյան իր էջում Պաշտպանը գրել է, որ ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանություններն, անմարդկային վերաբերմունքը մեծ ծավալի են, առկա են պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ՝ էթնիկ ատելության շարժառիթներով:

Թաթոյանն արձանագրել է՝ կատարված են ծանրագույն պատերազմական հանցագործություններ, որոնց վերաբերյալ ապացույցների ամրագրումն, ադրբեջանական իշխանություններին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի ամրապնդումը խիստ հրատապ է:

«Պետք է ցույց տալ, թե, օրինակ, այդքան ծավալի դեպքերից քանի ադրբեջանցի զինվորականի ինքնություն է պարզվել (մանավանդ նրանցից շատերը տեսանյութերում ու լուսանկարներում բաց դեմքով են) կամ ինչ է արվել նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, քանի ադրբեջանցի զինվորականի նկատմամբ է հետախուզում հայտարարվել, ադրբեջանական իշխանության մարմիններից կոնկրետ ով ինչ հանցանք է կատարել, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկված», - նշել է օմբուդսմենն՝ ընդգծելով՝ Հայաստանի կառավարությունն այս կարևոր ուղերձները պետք է հղի ինչպես հայաստանյան հանրությանը, որի համար այս հարցերը կարևոր առաջնահերթություն են, այնպես էլ միջազգային հանրությանն ու հենց Ադրբեջանի իշխանություններին:

Ըստ Թաթոյանի, Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար:

«Անհրաժեշտ է ցույց տալ, որ այդ նպատակի համար մեր երկրում ձեռնարկվում են բոլոր ջանքերը: Անպատժելիությունն առաջ է բերելու նոր վայրագություններ ու խոշտանգումներ: Մենք չպետք է դա թույլ տանք. թանկ են ամեն օրն ու ժամը», - հայտնել է Թաթոյանն՝ ընդգծելով, որ նշված հարցերում Հայաստանի գործադիր իշխանությունն իր մարմիններով ունի սկզբունքային դերակատարություն:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, անհրաժեշտ է համակարգված ու նպատակային աշխատանք գերության մեջ հայտնվածների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

«Փոխարենը, ՀՀ կառավարությունում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված այլ թեմայով քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցերին: Անընդունելի ենք համարում հատկապես մի շարք դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությունն այդ քննարկմանը: Նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը», - նշել է Թաթոյանը՝ շարունակելով - «Դատարանները կոչված են երաշխավորելու մարդու անձնական ազատության, արդար դատաքննության ու մյուս իրավունքների պաշտպանության անխափան ապահովումը: Այս խնդիրը նրանք կարող են արդյունավետ լուծել միայն արտաքին ու ներքին անկախության երաշխիքների լիարժեք գործողության ու այդ անկախության երևալը (appearance) լիարժեք ապահովելու պայմաններում»:

Պաշտպանը նաև տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների ամրագրման, գերիների իրավունքների պաշտպանության հարցերում այս օրերին համատեղ սերտ աշխատում են իրավապաշտպանների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG