Մատչելիության հղումներ

«Մենք նույնիսկ մեր հաղթանակը վերածեցինք պարտության», - շեշտում է Լիպարիտյանը


Ժիրայր Լիպարիտյան, արխիվ
Ժիրայր Լիպարիտյան, արխիվ

«Մենք նույնիսկ մեր հաղթանակը վերածեցինք պարտության․ ընկանք մեր երազների ու անհնարինի հետևից՝ կորցնելով այն հնարավորը, որ կարող էինք ստանալ», - BBC-ի հետ զրույցում ասել է Հայաստանի երբեմնի ամենափորձառու դիվանագետներից մեկը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։

Նա մեկն է այն եզակիներից, որ կանխատեսել էր վերջին պատերազմն ու անգամ զգուշացրել Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին՝ սեպտեմբերի սկզբին՝ ռազմական գործողությունների մեկնարկից շաբաթներ առաջ հրապարակած իր հոդվածում։ Ավելին, BBC-ի հետ զրույցում դիվանագետը խոստովանել է՝ ոչ միայն հոդվածներով է զգուշացրել, այլև անձամբ է փոխանցել իր մտահոգությունները Փաշինյանի կաբինետի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին։

Չմանրամասնելով՝ կոնկրետ ում հետ է եղել զրույցը, Լիպարիտյանը պատմել է․ - «Ես հարցրի՝ ինչպե՞ս եք պատկերացնում ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Պատասխանը հետևյալն էր՝ այստեղ լուծելու բան չկա։ Այդ ժամանակ արդեն բանակցություններ չէին վարվում, և կարգավորման որևէ տարբերակ չէր առաջարկվում։ Ես հարցրի՝ ինչո՞ւ եք այդպես որոշել, Ալիևի հետ նստել-քննարկե՞լ եք հնարավոր բոլոր տարբերակները։ Չէ՞ որ դուք պարտավոր եք նախ փորձել ամեն հնարավորը, հետո հայտարարել, թե կարգավորում գոյություն չունի, կամ՝ Ադրբեջանի հետ քննարկման որևէ թեմա չկա»։

«Շատերին էր թվում, թե պատերազմը խաղ է, թե պատերազմը միայն հերոսներ է ծնում, և պատերազմով է, որ մենք պետք է ապացուցենք մեր հայրենասիրությունն ու հերոսությունը։ Իրականում, սակայն, պատերազմը զոհողություն է, եթե, իհարկե, դուք ինքներդ ձեզ եք զոհում, ոչ թե ձեր հարևանի որդուն», - փաստել է Լիպարիտյանը, հավելելով՝ բանակցություններից խուսանավելը վկայում էր պետական մտածողության բացակայության մասին։

Ծավալուն հարցազրույցում դիվանագետը մի քանի անգամ հստակ ընդգծել է՝ հայկական կողմը վերջին պատերազմում պարտվեց իր դիվանագիտական սխալների, չհիմնավորված ու թյուր հաշվարկների պատճառով։ «Հրադադարից ի վեր միջազգային համայնքը մեզ շարունակ ասում էր, որ չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը․․․ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի առաջարկած տարբերակները հիմնված էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա։ Դա հստակ էր», - պատմել է Ղարաբաղի հարցով նախկին բանագնացը, ընդգծելով՝ գերտերությունների այս մոտեցումը բանակցությունների ընթացքում երբեք չի փոխվել։ Անփոփոխ է եղել նաև միջազգային համայնքի համոզմունքը, որ հայկական կողմը պետք է վերադարձնի Ղարաբաղին հարակից 7 շրջանները Ադրբեջանին։

«Հայաստանյան որևէ վարչակազմի չի հաջողվել հակառակը համոզել միջազգային հանրությանը, և սա ոչ թե ձախողված դիվանագիտության հետևանք է, այլ՝ պետությունների անձնական ու հավաքական շահերի հարց», - ասել է Լիպարիտյանը, հավելելով՝ չունենալով միջազգային համայնքի աջակցությունը, հայկական կողմը պարտավոր էր ավելի սթափ ու սառը գնահատել հակառակորդի հնարավորությունները։

Մինչդեռ գործող վարչակազմը, ըստ դիվանագետի, մի շարք անհարկի քայլերով, այդ թվում՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» կոչերով, Սևրի պայմանագրի մասին ուղերձներով ու «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կարգախոսով սադրել է դիմացինին։

«Հայկական կողմը նաև սկսեց խոսել Ադրբեջանի «ոչ լեգիտիմ» առաջնորդի ու Թուրքիայի բռնապետի մասին․․․ այսինքն, բանակցություններ ես վարում այդ երկրների առաջնորդների հետ ու հայտարարում, որ նրանք լեգիտիմ չե՞ն», - հարց է բարձրացրել դիվանագետը՝ շարունակելով․ - «Փաշինյանին թվում էր, թե հանճարեղ գաղափար է առաջարկում, երբ հայտարարում է, թե հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Ղարաբաղի ու Հայաստանի ժողովուրդների համար։ Բայց խնդիրն այն է, որ նա այդպես էլ չներկայացրեց այդ տարբերակը, որը կընդունվեր բոլոր երեք ժողովուրդների կողմից։ Նա նաև կարծում էր, թե միջազգային հանրությունը կպարգևատրի Հայաստանին՝ ժողովրդավարության ուղով գնալու համար, և կփոխի իր դիրքորոշումը 7 շրջանների վերադարձի հարցում։ Սակայն, նման փոփոխությունը գոյություն ունի միայն աշխարհի մասին Փաշինյանի պատկերացումներում ու տեսլականում»։

Դիվանագետը փաստել է՝ զիջումների չգնալու, ժամանակ շահելու մոտեցումը այս կամ այն չափով պաշտպանել են քաղաքական դաշտի գրեթե բոլոր ուժերն ու վարչակազմերը՝ բացառությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի, ով ավելի քան 20 տարի առաջ առաջարկում էր հարակից շրջանների մեծ մասը վերադարձնել՝ խաղաղության դիմաց, իսկ կարգավիճակի հարցը թողնել ապագային․ - «Հաջորդ վարչակազմերը որոշեցին, որ այդ տարածքները կարող են վերադարձվել միայն Ղարաբաղի անկախությունը ճանաչելու, կամ՝ դրան տանող հանրաքվեի դեպքում․․․»։ Փաշինյանը, ըստ Լիպարիտյանի, է՛լ ավելի հեռուն է գնացել և պնդել՝ նախ պետք է պայմանավորվել կարգավիճակի մասին, «եթե դրա համար անհրաժեշտ լինի պատերազմել, կպատերազմենք և կհաղթենք»։

Արդյունքում, վերջին պատերազմից հետո հայկական կողմը ընդհանրապես զրկվեց կարգավիճակի հարց բարձրացնելու հնարավորությունից, կարծիք է հայտնել դիվանագետը․ - «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ըստ էության փակում է այդ հարցը։ Թեև փաստաթղթում ուղիղ տեքստով այդ մասին չի ասվում, սակայն այն հիմնված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ստորագրել է։ Հիմա արդեն որևէ մեկը դա չի կարող փոխել»։

«Երբ նախագահ Պուտինն ու մյուս առաջնորդները ասում են, թե Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չէ, նրանք նկատի չունեն հնարավոր անկախությունը։ Նրանք արդեն հայտարարել են, որ դա անհնար է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է», - պնդել է Լիպարիտյանը՝ մանրամասնելով․ - «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հասկանալ է տալիս, որ այլևս չկա ընտրություն անկախ Ղարաբաղի կամ՝ Ադրբեջանի մաս լինելու միջև․ հիմա արդեն բանակցությունները կարող են ընթանալ երկու սցենարով՝ հայկական Ղարաբաղը աշխարհագրական, տարածքային միավո՞ր կմնա Ադրբեջանի կազմում, թե՞ հայերը մշակութային ինքնավարություն կստանան, ինչպես, ասենք, Թուրքիայի կամ Իրանի հայերը, որոնք որպես կրոնական փոքրամասնություն ունեն իրենց եկեղեցին, դպրոցը, գուցե նաև՝ թերթերն ու հայերենի դասընթացները, բայց ոչ՝ սեփական տարածքը», - ասել է պատմական գիտությունների պրոֆեսորը։

«Հայաստանի գործող իշխանությունն այլ կարծիքի է, վարչապետ Փաշինյանը հիմա ևս խոսում է Ղարաբաղի միջազգային ճանաչման մասին», - նկատել է BBC-ի թղթակիցը։ «Դա մեր քաղաքական մտածողության հիմնական պրոբլեմն է, որ գոյություն ունի արդեն 200 տարի․ մենք սիրում ենք ընկնել պատրանքների հետևից», - արձագանքել է Լիպարիտյանը։

«․․․ Մենք ժողովրդին ոչ ճիշտ տեղեկություններ ենք հաղորդում, սխալ վերլուծություն անում և անիրական սցենարները ներկայացնում որպես հնարավոր լուծում։ Մենք նրանց դրդում ենք ազգայնականության՝ պետականամետության փոխարեն։ Իսկ հետո ասում ենք՝ նրանք խաղաղությունը չէին ընդունի։ Բայց ո՞վ է դրա մեղավորը», - հարց է բարձրացրել Ժիրայր Լիպարիտյանը, ով մասնակցել, ապա՝ հետևել է ղարաբաղյան բանակցություններին դրանց մեկնարկի առաջին օրերից։

XS
SM
MD
LG