Մատչելիության հղումներ

Չի կարելի ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով, շեշտում է Արմեն Սարգսյանը


Նախագահ Արմեն Սարգսյանը, ով մասնավոր այցով Ռուսաստանում է, հանդիպել է ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման մասնակիցներն իրենց հարցերի միջոցով ցանկացել են անմիջապես նախագահից տեղեկանալ Արցախի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ ներկայացնելով նաև իրենց առաջարկությունները։

«Մեր բոլոր բարեկամները ցավում են, որ պատերազմում պարտվել ենք, բայց մեզ բոլորը հարգելու են, եթե դրանից հետո կարողանանք կանգնել և քայլել, այս պարտությունից քաղած մտքերով, սխալներից սովորած՝ առաջ գնանք, նորից կառուցենք երկիր, որով բոլորս հպարտ ենք, կառուցենք բանակ, որը հաղթական է լինելու», - ասել է Արմեն Սարգսյանը։

Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնվել պատերազմի, դրա ընթացքի, իբրև ավարտ ստորագրված փաստաթղթի բովանդակության վերաբերյալ։ Համաձայն հաղորդագրության` նշվել է նաև, որ ներկայիս կառավարությունը պետք է հեռանա, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ազգային աղետ է։ Ասվել է, որ անվստահություն կա կառավարության հանդեպ՝ երկիրը ոտքի կանգնեցնելու առումով, մանավանդ որ կառավարությունն ինքն էլ է ընդունում, որ սխալներ է գործել և ճիշտ չի գնահատել իրավիճակը։ Դժգոհություններ են հայտնվել նաև նախագահի և նախագահական ինստիտուտի վերաբերյալ:

Ամփոփելով երկրում ստեղծված հետպատերազմական իրավիճակը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է․ «Ցանկացած երկրում, որտեղ նման մեծ ողբերգություն է տեղի ունենում, կա լուծում՝ կառավարությունը, որը հանգեցրել է սրան, պետք է գնա։ Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ։ Նախկին ընտրությունները 2,5 տարի առաջ էին, երբ երկիրը բոլորովին այլ էր, հիմա այլ երկրում ենք ապրում։ Չի կարելի ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով։ Ոչ մի դեպքում, համաձայն չեմ, որ պետք է ճգնաժամը գնահատել հաշվի առնելով միայն հրապարակում հավաքված մարդկանց քանակը։ Եթե հրապարակում ընդհանրապես ոչ ոք չլիներ, դա կնշանակե՞ր, որ ճգնաժամ չկա։

Այս ընթացքում պետք է նաև հանրաքվե անցկացնել։ Անպայման պետք է փոխել կամ Սահմանադրությունը, կամ էլ այդ Սահմանադրությունը ավելի մարդկային պետք է դարձնել»։

Արմեն Սարգսյանը, խոսելով վարչապետի հնարավոր թեկնածուների մասին, ասել է, որ ինքը նման հավակնություններ չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG