Մատչելիության հղումներ

Որդուց մեկ ամսից ավելի լուր չստացած մայրը նրան տեսել է ադրբեջանցիների տարածած տեսանյութում


Ավելի քան մեկ ամիս 18-ամյա որդուն զոհվածների ցուցակներում փնտրելուց հետո Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ Անիչկա Միկոյանն ադրբեջանցիների տարածած տեսանյութերից մեկում է գտել նրան․ - «Վայ, ասի՝ էս իմ էրեխեն ա։ Էդ վիդեոն ես ունեմ։ Ասի՝ էս իմ էրեխեն ա, գերված։ Իրա անունն էլ ա տալի...»

Քունն ու դադարը կորցրած մայրն արդեն խառնում է թվերը, թե քանի անգամ է խոսել որդու հետ, բայց վերջին զանգը լավ մտապահել է՝ որդու տված կցկտուր տեղեկություններով․ - «Ամսի 8-ին էլ զանգեց, ասավ՝ մամա, մեկ ուրիշ տեղ ենք։ Ասի՝ ես գիտեմ, լրիվ տեղյակ եմ․․․ Ես իրան ոչ մի բան չեմ հարցրել։ 8-ին զանգել ա ու էլ լուր չեմ ստացել․․․ Նույնիսկ հուսակտրվեցի, ասի, վայ, տեր Աստված, ով գիտի զոհվել ա։ Էդ էլ եմ արդեն մտքովս անցկացրել։ Լրիվ զոհերի մեջ ասեի նայեն․ չէ, չէ, չկա, ասեին, զոհերի մեջին չկա․․․ Բանից պարզվել ա, Հադրութի անտառներում են բռնել իրանց»։

Գերիների հարցերով զբաղվող Կարմիր խաչի հետ մշտական կապի մեջ են։ Ասել են՝ զբաղվում են նաև Արայիկի հարցով։ Սպասում է, բայց օրը տարի է թվում․ - «Գոնե էդ ռազմագերիներին, բոլորին․․․ մեղկ են լրից, բոլորը մեր էրեխեքն են։ Ի՞նչ տարբերություն իմ էրեխեն, թե կողքի մարդու էրեխեն։ Լրիվ էրեխեք են»։

Ադրբեջանցիների տարածած տեսանյությում որդուն նվաստացնում են՝ առանց ֆիզիկական ուժ գործադրելու, բայց տղայի աչքերում երևացող տագնապը մտքից չի հեռանում․ - «Վախած դեմք եմ տեսնում, վախում են էրեխեքը։ Էդ մոմենտ կարող ա իրան չեն ձեռ տալիս, բայց հազիվ էր խոսում։ Նրան ստիպում էին՝ ասա էս, ասա էն, էրեխեն ասում ա էլի, ի՞նչ անի․․․»

Անիչկա Միկոյանն իր 3 որդիների ու դստեր հետ 27 տարի ապրել է թիթեղի կտորներից պատրաստված ինքնաշեն տնակում։ Երկու տարի առաջ բարեգործական կազմակերպություններից երկաթե տնակ են ստացել։ Ավելի բարեկարգ է համարում՝ նկատի առնելով, որ իրենց թեթեղյա ինքնաշեն տնակն անգամ մի կարգին դուռ-լուսամուտ չուներ։

Հիմա նախկին արդեն ժանգոտված տնակում էլի բարեգործներից ստացած երկու կովերին՝ Սևոյին ու Մարալին են պահում։ Երկուսն էլ մյուս տարի կծնեն։

Արայիկին բանակ ճանապարհելիս խոսք է տվել, որ Սևոյին ու Մարալին լավ կպահի, մեկը երկուս կդարձնի, որ որդու վերադարձից հետո ունեցած-չունեցածն իրար գցեն, մի նորմալ բնակելի տուն առնեն։ Իրենց խնամքին է նաև ավագ որդու 7-ամյա դուստրը։

Երանի է տալիս, որ իրագործվեն այսօր անհասանելի թվացող նպատակները․ - «Ասավ՝ մամա, գնամ բանակ գամ, տուն առնեմ մեզ համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG