Հայաստանի ոստիկանության ծառայողների կողմից Երևան-Մեղրի ավտոճանապարհին Հ. Ղ.-ի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են ապօրինի պահված հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի 1 ինքնաձիգ, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող 16 նռնակ, 7.62 մմ տրամաչափի 30 և 5.45 մմ տրամաչափի 75 փամփուշտ, սառը զենք հանդիսացող 1 սվին-դանակ, հայտնում է գլխավոր դատախազությունը:
Դեպքի հարուցվել է քրեական գործ, երկու անձ է ձերբակալվել: Նրանցից Ա. Մ-ին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով զենք, ռազմամթերք և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու և փոխադրելու շուրջ Հ. Ղ.-ի հետ նախնական համաձայնության գալով՝ Արցախից գործով չպարզված հանգամանքներում վերոնշյալ զենք-զինամթերքն ապօրինի ձեռք բերելու, ավտոմեքենայում ապօրինի պահելով ՀՀ տեղափոխելու համար: Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է:
Հ. Ղ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու և փոխադրելու շուրջ նախնական համաձայնության գալով Ա.Մ-ի հետ, վերջինիս կողմից ապօրինի ձեռք բերված զենք-զինամթերքը Գորիսից ապօրինի փոխադրել է դեպի Վաղարշապատ, որը նույն օրը հայտնաբերվել և վերցվել է ավտոմեքենայի սրահի զննությամբ: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: