Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության հետ կապերի վարչությունը:
Վարչապետը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել «Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ Թուրքիայի կողմից հազարավոր վարձկան ահաբեկիչների ներգրավվածության հանգամանքի վրա՝ նշելով, որ նրանց ներկայությունը Ադրբեջանում այսօր լուրջ սպառնալիք է հանդիսանում միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար»:
Համաձայն հաղորդագրության, երկուստեք կարևորվել է Ադրբեջանի ինքնիշխանության տակ անցած Արցախի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությունը և նշվել գերիների, պատանդների ազատման և անհետ կորած անձանց վերադարձի առաջնայնությունը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին համավարակի պայմաններում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կայուն գործունեությունն ապահովելու համար:
Տիկին Մուշիկիվաբոն իր զորակցությունն է հայտնել Հայաստանի վարչապետին, կարևորել է ՀՀ-ի դերը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում և հավաստիացրել, որ կգործադրի ամեն ջանք ՖՄԿ-ի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունն առավել ամրապնդելու համար: Նա իր երկրի՝ Ռուանդայի նախագահի ջերմ ողջույններն է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին