Մատչելիության հղումներ

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով


Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել։ Պահանջում է քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ սահմանադրական կարգը տապալելու համար։ Բարձր դատարանի նախկին անդամի հիմնավորմամբ՝ Փաշինյանն իրավունք չունի հայտարարության հիման վրա Արցախից ու Հայաստանից տարածքներ զիջել Ադրբեջանին, հայտարարությունն իրավական ուժ չունի։

«Դա հայտարարություն է և չի կարող իրավական ուժ ունենալ և գործադրվել», - ասաց Կիմ Բալայանը:

Բալայանը շեշտում է՝ Սահմանադրությամբ է ամրագրված՝ Փաշինյանի ստորագրած կետերը կարող են կյանքի կոչվել միայն միջազգային պայմանագրի հիմքով։ Սահմանադրության 116 հոդվածով՝ ռազմական ու քաղաքական բնույթի, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ միջազգային պայմանագրերը վավերացնում է Ազգային ժողովը։ Այս գործընթացը չի եղել, Փաշինյանը մեկ հայտարարությամբ զիջել է Արցախի մեծ մասը։

«Ինքը անտեսելով այդ կարգը հայտարարություն է ստորագրել, որով հանձնել է մեր հայրենիքը և այդ գործընթացն էլ ակտիվորեն այսօր իսկ շարունակվում է: Սահմանադրության 116-րդ հոդվածում գրված է՝ ռազմական նշանակություն ունեցող հարցեր, մարդու իրավունքները և պարտականությունները սահմանող հարցեր, չկա այդպիսի իրավունք, որ ոտնահարված չլինի. սեփականության իրավունքից սկսած մինչև անձի բնակության վայրն ընտրելու իրավունք», - նշեց ՍԴ նախկին անդամը:

Տարածքները զիջելու ապօրինությունները շարունակվում են, ամեն օր Ադրբեջանին հանձնվող նոր բնակավայրերի անուններ են հանրությանը հայտնի դառնում, իսկ իրավապահ համակարգը անգործության է մատնված, պնդում է Կիմ Բալայանը։

«Ես գտնում եմ, որ մինչև հիմա անգործություն են ծավալել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և Հատուկ քննչական ծառայության ղեկավարը», - ասաց նա:

Բացի այդ, Բալայանը հիշեցնում է, մինչ պատերազմը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե իրեն Արցախի քաղաքացիները չեն ընտրել և Արցախի փոխարեն բանակցելու իրավասություն չունի։ Այդ ինչպե՞ս եղավ, որ Հայաստանում ընտրած վարչապետը վճռեց Արցախի ժողովրդի ճակատագիրը։

«Հարց է առաջանում՝ ինչպե՞ս եղավ, որ ընտրված չլինելով Ղարաբաղի ժողովրդի կողմից այսօր Լեռնային Ղարաբաղի երկու երրորդը հանձնեց Ադրբեջանին: Այս ապօրինությունների դեմ պետք է պայքարել, թե չէ», - նշեց նա:

Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հացադուլի նստած Բալայանի որդիները պաշտոնյաներ են։ Մեկը՝ Գաբրիել Բալայանը պաշտպանության փոխնախարարն էր, երեկ ազատվել է պաշտոնից։ Նշանակվել էր հեղափոխությունից հետո։ Տիգրան Բալայանը Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանն է, Դավիթ Բալայանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

«Ճիշտն ասած ինձ այդքան էլ չի հետաքրքրում այդ խնդիրը, որովհետև այստեղ հայրենիքի մասին է խոսքը և ոչ թե որևիցե երեխայի ճակատագրի մասին: Իսկ ինչ վերաբերում է տղաներին, ինձ թվում է, ամեն մեկն իր աշխատանքը պատվով կատարել է: Իմ հացադուլ հայտարարելուց հետո բոլորն էլ խնդրել են, որ ես ռիսկի չդիմեմ, քանի որ շաքարախտ ունեմ, բայց ասել եմ, որ՝ ոչ», - նշեց Կիմ Բալայանը:

Ծնունդով մարտակերտցի, 73-ամյա Բալայանը մտադիր է այսօր գիշերել կառավարության մոտ։ Չի դադարեցնի հացադուլը մինչև Նիկոլ Փաշինյանը քրեական պատասխանատվության չենթարկվի։

Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության մոտ երեկվանից հացադուլի են նստել դաշնակցականներ ներկայացուցիչներ Գեղամ Մանուկյանն ու Գարիկ Ավետիսյանը։

Գլխավոր դատախազությունից հրաժարվում են արձագանքել իրենց ուղղված մեղադրանքներին։

XS
SM
MD
LG