Մատչելիության հղումներ

Վազաշենցիները հիշում են՝ 92-ի դեկտեմբերին պատրաստվում էին Նոր տարին նշել, բայց նվերների փոխարեն տանկերը մտան գյուղ


Վազաշենցի 87-ամյա Մամիկոն Ղազարյանը միակն է, ով հակառակորդի տեսադաշտում գտնվող 1000 հա անտերության մատնված հողատարածքի իր բաժինը մշակում է կամ գոնե, որպես խոտհարք, հնձում։

«Ազատության» հետ զրույցում նա ասում է՝ դեմոկրատ է, ազատ, անկախ և անվախ, հայրենասեր-նվիրյալ։ Միևնույն ժամանակ Մամիկոն Ղազարյանը նշում է, որ թվարկած բոլոր կոչումների համար գրավոր փաստաթուղթ չունի, բայց Ադրբեջանից ընդամենը մի կիլոմետր հեռու՝ Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բոլոր բնակիչները գիտեն. իրենց համագյուղացի Մամիկոնը միակն է, որ հակառակորդի տեսադաշտում գտնվող այդ հողատարածքի իր բաժինը մշակում է։

«Երկու դիրքի տեսադաշտում՝ մեր և ադրբեջանցիների, հողամաս ունեմ ես՝ 5 հազար մետր, էդ հողամասը մինչև օրս էլ գնում եմ օգտագործում։ Պամիդոր բան եմ արել, էս երկու տարի ա խոտ եմ հնձում, խոտը հնձում եմ ծախում։ Չկա տենց մարդ, ես օգտագործում եմ իմ հողերը։ Էս երկրում պետք ա աշխատել, չսպասել, որ ուրիշի փողը խլելու են, բերեն տան իրանց», - ասաց Մամիկոն Ղազարյանը։

Իսկ, թե ինչպես վազաշենցիները ստիպված եղան մոտ 30 տարի առաջ հրաժարվել իրենց 1000 հա շեն այգիներից ու վարելահողերից, մի կողմից ցավալի, մյուս կողմից հերոսական պատմություն են համարում։

Իրար հերթ չտալով պատմում են. - «92 թվի դեկտեմբերի 29-ին մենք նախապատրաստվել էինք Նոր տարին նշելու։ Բայց նվերների փոխարեն տանկեր մտան գյուղ։ Վեր կացեք, վեր կացեք, թուրքը գյուղում ա։ Էս խեղճ կնիկը մինչև շորերը հագնելը, գյուղացիք մեր տուն լցվեցին, դե համ իմ ՈւԱԶ-ն էր կանգնած, համ «24»-ը»։

Գյուղի տղամարդիկ, ասում են, տարհանել են կանանց ու երեխաներին, իսկ 35 ջահելներ ադրբեջանական տանկերի դեմ անհավասար մարտի բռնվել ու հաղթող դուրս եկել։

«Էդ 35 տղաները կանգնեցրին թուրքի հերոսակախմբին․ 300 հոգանոց խումբը և 3 հատ տանկ, երկու BMP-ն տրաքում են, իսկ T-72-ը փախչելու ժամանակ գնում ա, շրջվում», - պատմեց Մամիկոն Ղազարյանը։

Վազաշենցիներն ասում են, որ կռվի ելած գյուղացիների շրջանում զոհեր չեն ունեցել, մինչդեռ գյուղ հասած ադրբեջանցիները մտել են ու խաղաղ բնակիչներին, ընդ որում կանանց, իրենց տներում սպանել։ Սա երբեք չեն մոռանա սահմանապահ Վազաշենում։

«Մենք կռվող տղերքից ոչ մի զոհ չենք ունեցել, թեթևակի վնասվածքներ, վիրավորվել են, իսկ մեծահասակներին իրենց տներում կրակել են, վառել և այլն, իսկ Տանիկին իրա 11 տարեկան տղայի հետ գողացել են տարել, մինչև այսօր էլ խաբար չկա», - պատմեցին գյուղացիները։

Այդ օրվանից հակառակորդ երկրների արանքում գտնվող 1000 հա հայկական հողատարածքն անմշակ է դարձել։ «92 թվականի ապրիլից հետո մեր հողերն էնտեղ են», - ասաց «Ազատության» զրուցակիցները։

Տարեց վազաշենցիները համոզված են՝ այս ծանր մարտերի, սպանված համագյուղացիների ու իրենց անտերության մատնված այգիների համար հակառակորդին չեն ների։ 87-ամյա Մամիկոն Ղազարյանն ասում է՝ դեռ երեսուն տարի առաջ զգուշացնում էր՝ անգամ առևտուր անելիս, ադրբեջանցիների հետ աչալուրջ պետք է լինել։

«1000 անգամ ասեցի, թուրքերից սալյարկի առևտուր էին անում, ասեցի՝ մի օր էլ ձեզ սրանք բանտարկելու են, բոլորին էլ հասկացրի՝ դուք թուրքերից սալյարկա միք առնի, սա մեզ կուտ են տալիս», - ասաց Մամիկոն Ղազարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG