Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրան կփոխարինի Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը։
2018-ի հեղափոխությունից հետո կրթության, գիտության, ապա նաև մշակույթի և սպորտի ոլորտները ղեկավարած Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով նախարարության աշխատակիցներին, որոնք, ըստ նրա, լուրջ բարեփոխումների մեկնարկ են տվել։
«Շնորհակալություն եմ հայտնում նրանց խիզախության, դժվար բարեփոխումների հարցում համբերատար առաջ գնալու համար: Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ որ դրանք առաջին հայացքից բարդ թվա», - գրել է Արայիկ Հարությունյանը։
Նա նաև ընդգծել է, որ «ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա, գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա»:
Նախկին նախարարը տեղեկացրել է՝ իր գործունեության 2,5 տարվա արդյունքներին դեռ կանդրադառնա։
ԿԳՄՍ ոլորտների նոր համակարգող 68-ամյա Վահրամ Դումանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունի։ Ամիսներ առաջ մամուլը գրում էր, որ նա ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուներից մեկն է։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը պատերազմից հետո ստեղծված իրավիճակում նախարարի փոփոխությունն անիմաստ է համարում։ Ըստ Խաչատրյանի, կա՛մ պետք է կառավարության թիմն ամբողջությամբ հեռանա, կա՛մ շարունակի պաշտոնավարել։
«Այս պահին նախարար փոխելու իմաստը գուցե այն էր, որ ձևավորված որոշակի հանրային դժգոհությունն ավելի մեղմացվի, որովհետև շատերն էին պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը, գուցե այս քայլով փորձ է արվում մեղմացնել, բայց այս պահին, կարծում եմ, անիմաստ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը։
Փորձագետը միանգամից չորս ոլորտ համակարգող նախարարության նոր ղեկավարի հաջողության հավանականությունը փոքր է գնահատում։ «Այդքան ոլորտներ՝ մշակույթ, սպորտ․․․ բնականաբար նոր նախարար է, այդ ոլորտներին չի տիրապետում, և շատ դժվար է լինելու կառավարել այդքան ոլորտներ, գումարած ընդհանուր իրավիճակը, որ մենք ունենք, չեմ կարծում, որ այս իրավիճակը որևէ շանս է տալիս ինչ-որ բան փոխելու», - ասաց Սերոբ Խաչատրյանը։
ԿԳՄՍ նորանշանակ նախարարն այս տարեսկզբին Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության և գիտության ոորտների օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրել էր բարձրագույն կրթության մասին իր պատկերացումները։
«Շատ կարևոր մի հարց՝ կադրերի հարցը, գաղտնիք չի, որ բացառապես, ես ինձ թույլ կտամ պնդում ձևակերպել, որ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների և ոչ միայն, և գիտական բոլոր հաստատություններն ունեն լրջագույն խնդիր երիտասարդ կադրերի։ Սա ինձ համար կասկածից վեր պնդում է։ Բա ի՞նչ անել։ Մենք ինչքան էլ օրենք գրենք, նպատակ պիտի ունենանք նաև, որ երիտասարդները գան՝ որակյալ երիտասարդությունը։ Երիտասարդությունը շատ լավ բան ա, բայց դա պրոֆեսիոնալիզմ չի, դա երիտասարդություն է», - ասել էր Դումանյանը։
ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո հեռացած 5-րդ նախարարն է։ Ավելի վաղ իրենց պաշտոնները լքել էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելքիս Ցոլակյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։