Մատչելիության հղումներ

Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքների ներկայացուցիչների հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ:

«Պետք է հոգ տանել, որ մենք ընտանիքների անդամներին տեղեկացնենք, թե ինչ աշխատանքներ են կատարվում, և չպետք է այնպես լինի, որ քաղաքացիներն իրենք ստիպված լինեն գնալ, տարբեր գերատեսչությունների առաջ ակցիաներ անել, որպեսզի տեղեկանան՝ իրենց հարազատների հայտնաբերման կամ վերադարձի ուղղությամբ ինչ է արվում», - կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ` ասել է Փաշինյանը: Վերջինս տեղեկացրել է, որ պատրաստվում է առաջիկայում հանդիպումներ ունենալ անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ:

«Իհարկե, այս ընթացքում եղել են դեպքեր, բարեբախտաբար, երբ անհետ կորած համարվող անձինք ողջ-առողջ հայտնաբերվել են, իրենք իրենց գտնվելու վայրի մասին հայտնելու հնարավորություն չեն ունեցել և ուղղակի վերադարձել են: Պետք է հույս հայտնել, որ այսպիսի դեպքերն ավելի ու ավելի շատ կլինեն: Այժմ պատրաստվենք, որպեսզի հարազատներին կարողանանք ավելի կոնկրետ և ամբողջական տեղեկատվություն հաղորդել», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է վերոնշյալ խնդիրների արագ կարգավորմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG