Իրանը, երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի հավաստմամբ, թույլ չի տվել իր տարածքով դեպի Լեռնային Ղարաբաղ սպառազինության տեղափոխում։
Պաշտոնյան հավաստիացրել է, թե Իրանը անտարբեր չէ ցանկացած հակամարտության առնչությամբ և փորձում է օգնել լուծելու ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով:
Խաթիբզադեն նաև ընդգծել է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները գտնվում են պատմական մակարդակի վրա, և իրանական կողմը փորձում է է՛լ ավելի ամրապնդել դրանք:
Ավելի վաղ ռուսական կողմը հայտնել էր Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ նոյեմբերի 23-ին Մոսկվա նախատեսված այցի մասին, որի ընթացքում պլանավորվում էր քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը: Մոսկվայից հետո Զարիֆը պետք է մեկներ Բաքու։ Նախօրեին, սակայն, հայտնի դարձավ, որ այցերը հետաձգվել են, ըստ իրանական կողմի՝ արտահերթ բյուջետային քննարկումներ անցկացնելու՝ երկրի կառավարության մտադրության հետ կապված։