Մատչելիության հղումներ

Պուտինը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը Ղարաբաղում


Պուտինը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը Ղարաբաղում, պնդելով, թե նրանց շնորհիվ հաջողվել է կայունացնել իրավիճակը։ «Ուզում եմ նշել ռուս խաղաղապահների հստակ, սահուն աշխատանքը․ օպերատիվ կերպով իրականացված ականազերծումը թույլ տվեց լավ ու կայուն կապ ապահովել տարածաշրջանում, իսկ մեր խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավորություն ընձեռեց կանգնեցնել արյունահեղությունն ու խուսափել նոր զոհերից։

Մեր զինվորականները արդյունավետ վերահսկում են հրադադարի ռեժիմը, որին հետևում են հակամարտության երկու կողմերն էլ։ Իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայունացել է»,- հայտարարել է Պուտինը՝ Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը նվիրված նիստում։

Դիմելով խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին` Պուտինը նշել է, որ Աղդամից ու Լաչինից հայկական ուժերի դուրսբերումից հետո տեղում մնում են որոշ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ հայեր։ «Անհրաժեշտ է կապ հաստատել երկու կողմի, այս դեպքում՝ ադրբեջանցիների հետ, որպեսզի ազատագրվող տարածքներում իրավիճակը լինի կայուն և այնպիսի, որը պայմաններ կստեղծի երկու ազգերի համատեղ կյանքի համար՝ առանց կենցաղային հողի վրա հնարավոր բախումների»,- ասել է Պուտինը։

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի զինուժը 27 տարվա ընդմիջումից հետո մտել է Աղդամի շրջան՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության համաձայն։

«Հայկական զինուժը, ինչպես նաև քաղաքացիական բնակչությունը դուրս է բերվել ռուս խաղաղապահների վերահսկողությամբ, գործընթացն իրականացվել է առանց որևէ միջադեպի կամ սադրանքների»,- հայտնել էր Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։

Հեռավար զրույց անցկացնելով խաղաղապահ առաքելության ղեկավար Մուրադովի հետ՝ Պուտինը պնդել է՝ հակամարտությունն այլևս ավարտված է․ «Ի վերջո, տեղում քաղաքակիրթ մարդիկ են, և ես գիտեմ, որ նրանք ընդհանուր առմամբ, բարյացակամ են տրամադրված»։

«Ես ծանոթ եմ Ադրբեջանի նախագահի տրամադրվածությանը, նա հենց այդ կերպ և այդ ելակետերից է մոտենում առաջիկա աշխատանքների կազմակերպմանը»,- ասել է Պուտինը, պնդելով, թե Իլհամ Ալիևը պատրաստ է հասանելի դարձնել Ղարաբաղի կրոնական կառույցները թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների համար:

Խորհրդակցությանը մասնակցել է նաև Ռուսաստանի արտգործնախարարը, ով նշել է, թե Հայաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև ձեռք բերված համաձայնությունը արգելակելու միտում է նկատվում՝ չմանրամասնելով՝ կոնկրետ ում կողմից։ «Փորձեր են արվում խոչընդոտել և թույլ չտալ, որ այն լիովին իրագործվի, բացի այդ, արձանագրվում են նաև խաղաղապահ առաքելության բնույթը փոխելու փորձեր»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Ի պատասխան Պուտինը զգուշացրել է՝ նրանք, որոնք կփորձեն խոչընդոտել գործընթացին, պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը պատերազմն է. «Եվ եթե, Աստված մի արասցե, նման բան լինի, ապա տուժածների արյան համար մեղավոր են լինելու նրանք, որ փորձում են տորպեդահարել այս պայմանավորվածությունները»։ «Բոլորը պետք է իրենց հաշիվ տան այս առումով»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Դիմելով ռուս պաշտոնյաներին՝ Պուտինը հորդորել է նրանց առավել ակտիվ աշխատել միջազգային կառույցների հետ՝ պատերազմից տուժածներին աջակցելու համար։ «Երկու օր առաջ Մոսկվա էր ժամանել Կարմիր Խաչի կոմիտեի նախագահը, ով հավաստեց Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում առավել ակտիվ գործունեություն ծավալելու պատրաստակամությունը, այդ թվում` հիմնվելով Ռուսաստանի ու մեր խաղաղապահների աջակցության վրա»,- ասել է Վլադիմիր Վլադմիրովիչը, ընդգծելով՝ այս փուլում կարևոր է, որ նրանց օրինակին հետևեն նաև մյուս կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի ականազերծման ու պարենի ծրագրերը։

Մինչ այդ՝ այսօրվանից Ստեփանակերտում մեկնարկել է ռուսական միջգերատեսչական կենտրոնի աշխատանքը, որը պետք է զբաղվի փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգման, ինչպես նաև հակամարտող կողմերի միջև հաշտեցման առևտրակենցաղային խնդիրների լուծմամբ։ «Այժմ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում ձևավորվում է հատուկ խումբ, որը մասնակցելու է այդ կենտրոնի աշխատանքներին»,- այսօր ասել է ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը։

Վերջինիս խոսքով, Ղարաբաղ ուղարկվելիք այդ խմբում ներգրավվելու են փրկարարներ, հոգեբաններ, տեխնիկական մասնագետներ․ «Անհրաժեշտության դեպքում կուղարկենք նաև հատուկ մասնագետներ՝ քաղաքացիական բնակավայրերում մնացած վտանգավոր զինամթերքը վնասազերծելու համար»,- զեկուցել է արտակարգ իրավիճակների նախարարը։

Պուտինը դիմել է նաև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին՝ հանձնարարելով աշխատել հայկական կողմի հետ՝ Ղարաբաղի բնակիչներին ձմռանը նախապատրաստելու ուղղությամբ։ «Խնդրում եմ շարունակել աշխատանքը` տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ` սերտ կապի մեջ մնալով թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վլադիմիր Պուտինի արդեն երկրորդ միջգերատեսչական խորհրդակցությունն է Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ։ Անցած շաբաթ ևս Կրեմլի առաջնորդը հեռավար նիստի էր հրավիրել իր ենթականերին ու մի շարք հանձնարարություններ տվել՝ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու, և առկա խնդիրները լուծելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG