ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հինգշաբթի օրը այցելել է Հորդանանի արևմտյան ափի իսրայելական բնակավայրեր։ Այսպիսով Փոմփեոն դարձավ ԱՄՆ առաջին պետքարտուղարը, ով այցելում է միջազգայնորեն չճանաչված Իսրայելի սահմաններ․ այդ տարածքները պաղեստինցիները իրենցն են համարում։
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի այցը ուղեկցվել է պաղեստինցիների բողոքի ակցիաներով: Ինքնավարության ներկայացուցիչը այցը որակել է «վտանգավոր նախադեպ»։ Ակնկալվում է, որ Փոմփեոն կայցելի նաև Գոլանի բարձունքներ, որն Իսրայելի կողմից օկուպացվել է1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո, և մինչ օրս միջազգային հանրությունը այդ տարածքները չի ճանաչում որպես իսրայելական:
Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց սիրիական այդ տարածքները ճանաչել որպես Իսրայելի տարածքի մաս։ Ակնկալվում է, որ Ջո Բայդենը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո որոշ չափով կփոխի Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության հանդեպ քաղաքականությունը, մասնավորապես կվերսկսի ֆինանսական օգնությունը պաղեստինցիներին։