Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Այդ մասին Ղուլյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ աննպատակահարմար է գտնում իր հետագա գործունեությունն այդ պաշտոնում։
Ղուլյանը նաև տեղեկացրել է, որ դիմումը գրել է ավելի վաղ, սակայն պայմանավորված Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի առողջական վիճակով, այն հանրայնացրել է հիմա։
Հիշեցնենք՝ Նոյեմբերի 10 ի գիշերը, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ալիևի և Պուտինի հետ, մայրաքաղաք Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին, ցուցարարների կողմից դաժան ծեծի ենթարկվեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«ՀՀ Ազգային ժողով նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմումը գրել եմ ավելի վաղ, բայց պայմանավորված պրն Արարատ Միրզոյանի առողջական վիճակի հետ, այն հանրայնացնում եմ հիմա, երբ արդեն որևէ վտանգ չի սպառնում նրա առողջությանը: Դիմումի մեջ շնորհակալություն հայտնելով Ա.Միրզոյանին վստահության համար՝ գրել եմ, որ աննպատակահարմար եմ գտնում իմ հետագա գործունեությունն այդ պաշտոնում, որովհետև այդ կարգավիճակում աշխատանքը կարող էր և պետք է լիներ ավելի արդյունավետ, առավել ևս վերջին շրջանում՝ պատերազմի օրերին։ Շնորհակալություն բոլոր գործընկերներիս: Շարունակելու եմ իմ ծառայությունը մեր հայրենիքի այս հատվածում», - գրել է Ղուլյանը:
Աշոտ Ղուլյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի հունիսի 10-ից։ Նա եղել է Արցախի ԱԺ նախագահը։