Մատչելիության հղումներ

Նոր կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, ազատ մահճակալները գրեթե սպառված են


Նոր կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, ազատ մահճակալների թիվը գրեթե սպառված է․ վերջին մեկ օրում նոր դեպքերի թիվն աճել է1482-ով, բուժվածներինը՝ 879-ով, գրանցվել է մահվան ևս 25 դեպք։

84 քաղաքացի շնչում է արհեստական շնչառության սարքի օգնությամբ, քովիդով վարակված 553 վարակակիր էլ սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Ծայրահեղ ծանր վիճակում է185 մարդ, ծանր՝ 861-ը, բայց քովիդի բուժմամբ զբաղվող հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում կա ընդամենը 7 ազատ մահճակալ։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հիշեցնում է՝ հիվանդանոցներում նաև վիրավոր զինծառայողներ են բուժվում, կրկին կոչ է անում՝ պահպանել անվտանգության բոլոր կանոնները։

«Հիվանդանոցների մեծ մասը պարզապես դարձել են զինվորական հոսպիտալներ, այսինքն՝ մենք տարբերակ էլ չունենք էդ մահճակալային ֆոնդը ստեղծելու։ Ընդհանուր առմամբ շուրջ 26 բժշկական կենտրոն հանրապետությունում սպասարկում է կորոնավիրուսային հիվանդությանը, ինչը նախկինում, եթե անունը դնենք առաջին պիկ, երկրորդ պիկ, նախկինում՝ առաջին պիկի շրջանում, մենք նման քանակի հիվանդանոցների վերապրոֆիլավորում չենք ունեցել, սա բացառիկ թիվ է՝ 26 բժշկական կենտրոնը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նիկողոսյանը։

Հայաստանում մարտ ամսից ի վեր քովիդով վարակվելու 117 հազար 337 դեպք է արձանագրվել, որից 74 հազար 984-ն առողջացել են, 1763-ը՝ մահացել։ Ալինա Նիոկղոսյանի խոսքով՝ օրական մինչև 5 հազար թեստավորում է արվում, բացառությամբ՝ կիրակի օրերի։ Օրինակ՝ երեկ 3 հազար 395 թեստ է արվել։

«Շաբաթ-կիրակի որոշ լաբորատորիաներ սկսում են իրենց պրոֆիլակտիկ աշխատանքները, որպեսզի ողջ շաբաթվա ընթացքում իրենք կարողանան ողջ ծավալով մատուցեն իրենց աշխատանքներն ու ծառայությունները», - ասաց նախարարի խոսնակը։

Վիճակագրագետ Հրանտ Միքայելյանն, որ քովիդի բռնկման հենց սկզբից հետևում է Հայաստանի պատկերին, ներկայացնում կանխատեսումներ, կարծում է, որ այժմ վարակի տարածումը 25 տոկոսով ավելի քիչ է, քան պիկային օրերին։

Ըստ Միքայելյանի, քանի դեռ չկա կոլեկտիվ իմունիտետ, պետք չէ բացառել լոք դաունը, իսկ դպրոց-մանկապարտեզների բացումը նրա, խոսքով, դեռ շուտ էր։

«Պետք է տարբեր գործիքներ օգտագործվի որպեսզի կասեցվի տարածումը, բայց օրինակ, վերաբացումը դպրոցների և մանկապարտեզների, որն արդեն մասնակի արվում է, իմ կարծիքով, դեռ շուտ է։ Մինչև ձմռան վերջը մենք չպետք է ակնկալենք, որ ամբողջությամբ այդ ալիքը կանցնի։ Ալիքը կարող է միջին մասշտաբով շարունակվել», - ասաց վիճակագրագետը։

Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ է զբաղվում նաև Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը։ Առաջին իսկ օրերից այս գործին լծված կենտրոնի աշխատակցիները նաև վիրավոր զինծառայողներին են բուժել Արցախում։

Ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը պատերազմի օրերին որպես կամավոր շուրջ 1 ամիս Արցախում էր։ Նա «Ազատության» հետ զրույցում ասաց՝ գրեթե բոլոր բուժհաստատությունների իր գործընկերներն Արցախից գերհոգնած են վերադարձել։

«Մեր բուժանձնակազմը, որոնք միշտ մասնակցել են և՛ հիվանդների տեղափոխմանը, և՛ բուժմանն Արցախից, նույնպես գերհոգնած են, և այժմ ցանկացած հիվանդ, որը վարակվում է քովիդով, խլում է այն վերջին ուժերը բուժանձնակազմի, որոնք կարելի է ուղղել մեր վիրավոր զինվորների և կամավորների բուժման համար։ Հետևաբար թեման շատ կարևոր, պետք է կոչ անենք՝ լինել ծայրահեղ զգույշ, դնել դիմակ, չվարակել միմյանց» , - ասաց կենտրոնի փոխտնօրենը։

Կարեն Պողոսյանը կարծում է, որ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող շուրջ 26 բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում առկա ընդամենը 7 ազատ մահճակալները ժամերի ընթացքում կզբաղեցվեն։

XS
SM
MD
LG