Մատչելիության հղումներ

Ըստ նախագահի, դեռ ամեն բան վերջացած չէ, շատ արագ պետք է ամեն բան անել՝ վերադառնալու Մինսկի գործընթացին


Այսօր կա խնդիր, դժվարություններ, անհամաձայնություններ, և դրանք պետք է լուծել միայն և միայն օրենքի, օրինականության և պետականության սահմաններում, այսօր ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ նախագահի գրասենյակի, հանդիպմանը երկուստեք կարևորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

«Որպես նախագահ՝ ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, որ մեր բոլոր քննարկումները պետք է լինեն օրենքի և օրինականության շրջանակում: Մենք ընտանիք ենք, և եթե ընտանիքում դժբախտություն կա, մեկը մյուսին մեղադրելն այս պահի խնդիրը չէ: Վերլուծե՞լ, թե ինչու այդպես եղավ: Իհարկե՛: Այդ վերլուծությունից հետո ճիշտ եզրակացություններ անե՞լ: Իհարկե՛: Եթե կարիք կա, ընտանիքում փոփոխություննե՞ր անել: Իհարկե՛: Բայց միայն քաղաքակիրթ ձևով: Անընդունելի է, եթե նույնիսկ համաձայն չես Ազգային ժողովի նախագահի հետ, վարվել նրա հետ այնպես, ինչպես վարվեցին», - ասել է նախագահը:

Միաժամանակ, Արմեն Սարգսյանը կարևորել է նաև իրավապահների գործունեությունը՝ նշելով. - «Որևէ դեպքում որևէ ոստիկան կամ ծառայության աշխատակից առիթ չպետք է տա, որ ինքը կամ ծառայությունը քննադատվի: Ոչ մի դեպքում: Կայունությունն էական է»:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող՝ օրերս ստորագրված եռակողմ հայտարարության մասին հարցին, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր արդեն ռուսական խաղաղապահները տեղում են: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ ամեն բան վերջացած է: Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ո՛չ»:

Հանրապետության նախագահն ասել է, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի այս ամենը վերադարձնել Մինսկի խմբի գործընթացին:

«Սա Մինսկի գործընթաց չէ, սա եռակողմ փաստաթուղթ է, զինադադար է»,- ասել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Շատ արագ պետք է ամեն բան անել՝ վերադառնալու Մինսկի գործընթացին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի համանախագահներով, որին տրված է մանդատ՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը:

Այս փաստաթուղթը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը: Հնարավորինս արագ պետք է վերականգնվի Մինսկի գործընթացը: Համապատասխան հայտարարություններ արդեն արվել են Ֆրանսիայի արտգործնախարարի և նախագահի գրասենյակից: Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Լավրովի հետ, ԱՄՆ-ից կան ազդակներ, և այս ամենը խոսում է այն մասին, որ գործընթացը վերադառնա Մինսկի խմբին: Հարցի կարգավորման տեսլականը հետևյալն է՝ վերադառնալ Արցախի հարցի կարգավորման բանակցություններին: Բայց սա բավարար չէ: Որպեսզի այդ բանակցությունները հաջողության հասնեն, դրանց հետևում պետք է կանգնած լինեն ուժեղ և հզոր Արցախն ու Հայաստանը և հայ ժողովուրդը»:

Նախագահի խոսքով՝ ուժեղ դառնալու համար ռազմական առումով ճանապարհը ժամանակակից բանակ ունենալն է:

«Ապագա պատերազմները լինելու են շատ ավելի բարդ և կոմպլեքս, էլեկտրոնային, ժամանակակից տեխնոլոգիաներով, զինվորները կրթված պետք է լինեն այդ տեխնոլոգիաները կիրառելու համար: Հետևաբար, մեր առջև խնդիր է դրվում կարճ՝ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների երկիր», - ասել է նախագահը՝ շարունակելով․ - «Դա նշանակում է, որ մեր կրթական համակարգից մինչև արդյունաբերություն ամեն ինչ պետք է ուղղված լինի ապագային: Մենք չենք կարող հետ մնալ: Ամեն անգամ հետ մնալուց հետո և՛ տնտեսության մեջ, և՛ ռազմական ոլորտում, և՛ բոլոր ոլորտներում հայտնաբերելու ենք, որ մի սերունդ հետ ենք, հետևաբար, չենք կարողանալու հաղթել: Հաղթանակը միայն ռազմի դաշտում չէ: Ո՞ր երկրներն են առաջատար դառնալու կամ առաջնագծում լինելու: Այն երկրները, որոնք ունենալու են ժամանակակից տեխնոլոգիաներ: Աշխարհն այդ ճանապարհով է գնում: Մենք պետք է այդ ճանապարհի առաջամարտիկները լինենք և՛ տնտեսության իմաստով, և՛ ապագայի: Մեր ճանապարհը հստակ է՝ պետք է ոտքի կանգնենք և կազմակերպվենք: Կազմակերպված ասելով նկատի ունեմ նաև ազգային և պետական կարգապահությունը»:

Նախագահի խոսքով՝ ժամանակը եկել է, որ գնահատական տրվի, թե այսօր ինչպիսին են բանակը, տնտեսությունը, գիտությունը, գնահատականներ տալուց հետո լինի հստակ տեսլական, ապա՝ դրանից բխող ծրագիր:

«​Տեսլականը հստակ պետք է լինի, թե որտեղ ենք լինելու, օրինակ, 20 տարի հետո: Այս փոքր երկիրն ուրիշ ճանապարհ չունի: Եվ ինչպես ենք անելու, որ Սփյուռքի մեր եղբայրներն ու քույրերը Հայաստանի հետ ավելի կապվեն: Շատ շնորհակալ եմ բոլորին, նաև որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որ մոտ 200 մլն դոլարի նվիրատվություն է եղել: Սակայն կարծում եմ, որ մենք կարող ենք անել ավելին», - ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը խաղաղություն է մաղթել ժողովրդին և բոլոր ընտանիքներին: «Մենք մեծաթիվ վերքեր ունենք, որ պետք է դարմանենք» - եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում՝ «համազգային շահերի պաշտպանության օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG