Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ:
Նախագահն այսօր ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին և քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթղթին:
«Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները անհանգստություն ու մտահոգություն են արտահայտել իրավիճակի վերաբերյալ, ներկայացրել իրենց տեսակետներն ու մոտեցումները:
Հանդիպմանը ընդգծվել է երկրի ներքաղաքական կայունության պահպանման, հասարակական համերաշխության և միասնականության կարևորությունը:
Նոյեմբերի 9 -ին, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։
Ըստ հայտարարության, Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի դաշնության խաղաղապահ ուժեր։