Մատչելիության հղումներ

ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման դեպքով հարուցվել է քրգործ


Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքում Ռուսաստանի զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնում հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով [Երկու կամ ավելի անձանց սպանությունը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով], 384-րդ հոդվածի 2-րդ մասի [Ագրեսիվ պատերազմ սանձազերծելը կամ վարելը] հատկանիշներով, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Հայաստանի քննչական կոմիտեին։

Դատախազությունը նաև տեղեկացնում է, որ դեպքի վայրում են գտնվում նաև Ռուսաստանի Հարավային Օկրուգի դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները և նրանց հետ համագործակցված Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման և պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ։

Ըստ հաղորդագրության, նոյեմբերի 9-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռային կայանքի կիրառմամբ խոցել են Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող Ռուսաստանի զինված ուժերի МИ 24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Դրա հետևանքով սպանվել են երկու անձինք և մարմնական վնասվածք ստացել ևս մեկ անձ։

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում Ռուսաստանի զինված ուժերի հանդեպ իրականացված ոտնձգությունը՝ համոզմունք հայտնելով, որ այդ ոտնձգությունը «կստանա համարժեք արձագանք»:

Հիշեցնենք՝ պաշտոնական Բաքուն հաստատել է, որ ռուսական ուղղաթիռը խոցել են Ադրբեջանի զինծառայողները, և ներողություն է հայցել Մոսկվայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG