Մատչելիության հղումներ

«Ամեն ինչին՝ հողին, ջրին կարոտել ենք». արցախցիները՝ վերադարձի սպասումով


Արցախցի Սերժ Հարությունյանը Արցախից եկող լուրերով է ապրում , դրանք ինչպիսին էլ լինեն, իր անփոփոխ կարծիքն ունի. – «Ի՞նչ պիտի լինի, մունք թորքին քշելու ենք։ Ուզում ա թորքը լինի, ուզում ա ազերբայջանեցը լինի, ուզում ա ջախադիստ բերի, ուզում ա ում ուզում ա բերի՝ մեկ ա մենք մեր հողը չենք հանձնի, մենք ուժեղ բանակ ունենք։ Սկի մեզ բանակ չի էղել, ջարդել ենք սաղին, քշել»։

Ավելի քան 40 օր համալսարանական հանրակացարանում տեղավորված արցախցիները ծանր սպասման մեջ են։

«Ամենի հինչին, հողին, ջրին ամեն հինչին կարոտել եմ», - ասում է Զոյա Գևորգյանը։ Նա հարսների, թոռների հետ է այստեղ։ Լավ լուրն այն է, որ Հայաստանում նրա թոռների թիվն ավելացավ, նորածին տղան առայժմ անհոգ քաշ է հավաքում, իսկ երեխաներից մեծերը հայրերի զանգին սպասել էլ չեն ուզում։ «Պապաս ասել ա, որ գաք, ձեզ լավ եմ նայելու, ու խոստանում եմ, որ միշտ ձեզ հետ կլինեմ․․․ ուզում եմ գնամ ես մեր տուն», - ասում է 9-ամյա Սոֆին։

Ավելի քան 150 արցախցի է ապրում այս հանրակացարանում։ Վիտալի Սիմոնյանը ընտանիքին միացավ միայն այն ժամանակ, երբ բեկորային բազմաթիվ վիրավորումներով տեղափոխվեց նախ հիվանդանոց, ապա այստեղ՝ ապաքինվելու։ Ինքնուրույն քայլել չի կարողանում, բայց շտապում է վերադառնալ առաջնագիծ․ - «Պիտի գնամ։ Որ կեսս էլ չլինի, պիտի գնամ»։

Հարևան սենյակում մուլտֆիլմ է փոքրիկ Իզաբելայի համար, նրա հայրը սահման չի գնում, քանի որ աղջնակի միակ խնամողն է, մայրը փոքրիկի ծնվելուց ամիսներ անց մահացել է։ Արամայիս Դանիելյանի այս օրերի ուրախությունն այն է, որ աղջնակը հստակ «հա» է ասում գնանք Ղարաբաղ հարցին ի պատասխան։

Սվետա Դադայանը հանրակացարանային չորս պատի մեջ ապրում է սահմանից ստացած զանգերով, թոռներն են, որ ամեն օր այնտեղից հաղորդում են՝ բաբո, լավ է լինելու։ Սվետա բաբոն խաղաղություն է ուզում զինվորների անփորձանք վերադարձի ու իր վերադարձի համար։ Երկու որդիների գերեզմանը Մարտունիում է, Երևանում ինչ ունեմ, ասում է։

Սենյակներից մեկում օրեր առաջ այրիացած Տաթևն է՝ 29-ամյա ենթասպա Գուրգեն Շաքարյանի կինը։ Գուրգենը զոհվել է հոկտեմբերի 29-ին Ֆիզուլիի մարտերում։ Տաթևը երեք երեխաների հետ Երևանում էր, պատերազմական պայմաններում վերջին հրաժեշտի հնարավորություն էլ չեղավ։ Փոխադարձ սիրով երջանիկ ամուսինները երեք երեխաների հետ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում էին ապրում։ Հիմա փոքրիկները հետ՝ Խնուշինակ են ուզում, իսկ կինն ասում է՝ այլև չգիտի, թե ինչ է ուզում. – «Ես ոնց որ երազում լինեմ։ Չգիտեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG