Մատչելիության հղումներ

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը վայրկյան անգամ չի կասկածում, որ հաղթելու ենք


«Ազատության» հետ զրույցում 76-ամյա անվանի գեղանկարիչը շեշտում էր, որ ցավոք չի կարող գնալ ու առաջնագծում կանգնել հայ զինվորի ու սպայի կողքին, բայց նրա համոզմամբ, բոլորն առանց բացառության պարզապես պարտավոր են անել հնարավոր ամեն բան՝ աջակցելու հայ զինվորներին ու սպաներին, ովքեր իրենց կյանքի գնով են պայքարում ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի դեմ:

Շահումյան - Ցավալի է, որ կորուստներ ունենք։ Բայց էդ կորուստները երևի որ էսօր չլինեն, վաղը ամբողջ ժողովուրդը չի լինելու։ Հավատում եմ, որ մենք հաղթելու ենք, որովհետև և՛ հրամանատարությունը, և՛ ողջ ժողովուրդը զորքի հետ միասին գիտակցումով ու նվիրումով մասնակցում են այս մեր ազգապահպան ժամանակներում։ Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Մի բան է ուրախացնում, որ էս դեպքերը կարծես թե մեր ժողովրդին մի անգամ ևս բռնցքվելու հնարավորություն ընձեռնեցին։ Եվ այսօր ես տեսնում եմ, որ ամբողջ աշխարհում, անգամ էն գաղութներում, որտեղ շատ քիչ մարդիկ կան, ամեն կերպ ուզում են մասնակից լինել, ուզում են գալ, ֆինանսական օգնություն են ցուցաբերում, նաև բողոքի ակցիաներ են անում։ Էդ բոլորը նաև ուժ է դառնում այստեղ կռվողների համար։

«Ազատություն»․ - Դուք ինչպես եք տեսնում այս հիմնախնդրի լուծումը ոչ միայն մարտադաշտում, այլև միջազգային ասպարեզում։

Շահումյան․ - Իհարկե, Արցախի ճանաչումը շատ խնդիրներ կլուծեր, նաև կզսպեր ագրեսորին։ Պետականորեն մի քանի խոշոր պետությունների ճանաչելը կլինի Արցախի խնդրի վերջնական լուծումը։ Որովհետև այդ պատերազմը, եթե անգամ այսօր խաղաղություն լինի, էլի վաղը մի առիթ կլինի վերսկսելու։ Դարդը մերն ա, վիշտը մերն ա, տագնապը մերն ա, իսկ դրսում էդքան երևի չեն զգում, էդքան հաղորդակից չեն մեր իրականությանը։ Առանձին անհատների ելույթները, խոսքերը շատ ոգևորիչ են, բայց պետականորեն մտածողություն չկա։ Եվրոպան չգիտես ինչ ա անում, մեծ երկրները․․․ Էսօր ամեն ինչը վերածվել է նյութականի, չգիտես ինչ շահերի։ Անհասկանալի բան ա։ Քրիստոնեությունը թվում էր թե մի նոր արժեք ա տալու մարդկությանը, բայց, ցավոք, էդ մարդկությունը քաղաքակրթություն ասելով հասկանում ա ռազմական պոտենցիալը հզորացնելը, ոչ թե մարդկային արժեքները։

«Ազատություն»․ - Դուք այս օրերին աշխատո՞ւմ եք, ստեղծագործո՞ւմ եք։

Շահումյան․ - Ոչ մի բան չեմ կարողանում անել։ Ի՞նչ աշխատելու մասին ա խոսքը։ Անհնար ա ուղղակի։ Ուշք ու միտքդ ուրիշ տեղ ա, ո՞նց կարող ես։ Կարո՞ղ ես անջատվել էս իրականությունից։ Արվեստի մեջ լինելը հոգևոր միջավայր ա, էդ հոգևոր միջավայրը որ խախտվել ա, էլ ի՞նչ արվեստ, ի՞նչ բան․․․ Ահավոր ցավալի ժամանակ ենք ապրում։ Աստված տա, որ մեր ժողովուրդը շահեկան լինի էս ընդհարումից, էս պատերազմից։ Էսօր պետք ա երկրի համար բոլորը լծվեն, իրենց վերջին հնարավորություններով մասնակից դառնան։ Հույս ու հավատ կռվող տղերքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG