Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն այսօր մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ցույց են անցկացնում և պահանջում են մինչև տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ը պաշտոնանկ անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիային:
Ընդդիմությունը պնդում է, որ հենց ԿԸՀ նախագահն է պատասխանատվություն կրում հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու համար:
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կառույցի լիդերներից Նիկա Մելիան այսօր ասել է, թե «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին պարտավոր է աշխատանքից ազատել ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիային:
«Տիկին Ժվանիան ընտրակեղծարար է, նա պետք է հեռանա, դրանից հետո ընդդիմությունը պատրաստ է հանդիպել Իվանիշվիլիի հետ և քննարկել նոր ընտրություններ անցկացնելու հարցը»,- հայտարարել է Մելիան:
Բողոքի ակցիաներ են սկսվել նաև Վրաստանի այլ քաղաքներում: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլից հետո քվեների ավելի քան 48 տոկոսով առաջատարը «Վրացական երազանքն» է, երկրորդ տեղում միավորված ընդդիմությունն է, որը քվեների 27 տոկոսն է ստացել: