ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ուկրաինայի ոստիկանությունը հատուկ հսկողության տակ է վերցնելու երկրի տարածքում գործող Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական կառույցները՝ դեսպանատների և հյուպատոսարանների շենքերը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ոստիկանության պետ Իգոր Կլիմենկոն:
«Ադրբեջանի և Հայաստանի բոլոր պաշտոնական ներկայացուցչությունները կհայտնվեն ոստիկանության հսկողության ներքո, բոլորին ու նախևառաջ ադրբեջանական և հայկական համայնքների անդամներին, Ուկրաինայում ապրող երկու երկրների քաղաքացիներին կոչ ենք անում հանդուրժողականություն դրսևորել»,- ասել է Կլիմենկոն:
Նա հավաստիացրել է, որ պատկան մարմիններն անհրաժեշտ գործողությունների կդիմեն Ուկրաինայի տարածքում ազգամիջյան բախումները կանխելու համար:
Անցած գիշեր Խարկովում գնդակոծվել է Ադրբեջանի հյուպատոսարանի շենքը, մարդիկ չեն տուժել:
Կլիմենկոն միջադեպն անվանել է «հանդուգն հանցագործություն» և հավաստիացրել է, որ իրավապահներն ամեն ինչ կանեն՝ կասկածյալներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: