Մատչելիության հղումներ

Հարսանիք, նորածնի ճիչ Կոթիում, թեև գյուղում արդեն երրորդ սերունդն է ապրում պատերազմի սարսափով


Տավուշի մարզի Կոթի գյուղում արդեն երրորդ սերունդն է ապրում պատերազմի սարսափով։ 28-ամյա Անի Մանթաշյանը պատմում է, որ ղարաբաղյան առաջին պատերազմից 30 տարի անց եղբոր հարսանիքն անցել է կրակոցների տակ․ 2019-ին էր. զինադադարի պայմաններում հարսանեկան խնջույքի ժամանակ հակառակորդի զենքերից արձակված գնդակներն անցնում էին ուղիղ իրենց գլխավերևով։

«Հայրիկիս ու մայրիկիս հարսանիքն էլ ա պատերազմական տարիներին եղել՝ 90-ականներին, ես 92 թիվ եմ։ Իրենց հարսանիքն էլ է եղել վախենալով, կրակոցի տակ, պատերազմական իրավիճակում տեղի ունեցել, հետո ես եմ ծնվել՝ նույն ահուդողով, սարսափով, ապաստարաններում՝ իմ բարուրը խտտած, 30 տարի հետո կրկնվեց նույնը․ մեր հարսանիքն էինք անում, մեկ էլ ասեցին, որ կրակոց ա դրսում, ուշադրություն չդարձրեցինք, լուրջ չընդունեցինք, մտածեցինք դիրքրում ա, բայց հետո մի պահ ես դուրս եկա ու վախեցա, որ էդ պատրոններն անցնում էին հանդիսության սրահի գլխավերևով, բայց շարունակեցինք հանդիսությունը, երաժշտությունն ավելի բարձրացրեցինք, որ կրակոցի ձայները խլանան ու շարունակել ենք մեր ուրախությունը», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Անին։

Այդ օրն ընտանիք կազմած Մարիամն ու Արկադին շուտով երեխա կունենան։ Նրանք ասում են՝ արդեն սովորական դարձած կրակոցները չխանգարեցին իրենց հարսանեկան հանդիսությունը, բայց երազում են, որ չխանգարեն իրենց ապագա ծրագրերին, որոնք բոլորն են կապված են սահմանամերձ Կոթիի հետ։ Երկուսն էլ Կոթիում են ծնվել, երկուսն էլ որոշել են՝ կմնան ու կապրեն հայրենի գյուղում։

«Մենք էս պայմանին ենք սովոր, բայց վախում ես, որ էրեխեդ դրսում խաղա, հանկարծ վերևից ինչ-որ բան կլինի, բայց կոպիտ ասած, սովորել ենք էդ ամեն ինչին, ընտելացել ենք էդ կյանքին, սահմանին, կրակոցին», - ասաց Մարիամը։

Կոթի գյուղի երիտասարդ բնակիչները համեմատում են իրենց մանկությունն ու գյուղի մանկահասակ երեխաների մանկությունը։ Նրանք տարբերություններ չեն գտնում։ Սահմանամերձ գյուղում արդեն 30 տարի բոլոր կենացները խաղաղության մասին են։

«Շատ ժամանակ իմ տղային էլ գրկել եմ՝ թեկուզ բարուրով, թեկուզ 1-2 տարեկան ու իջել ապաստարան ու ամեն իջնելու պահը պատկերացրել եմ մայրիկիս, նմանացրել եմ ինձ իրան․ ոնց որ ինքն ա իմ բարուրը գրկած իջել, հիմա էլ ես եմ։ Մի բան եմ ցանկանում՝ չեմ ուզում, որ իրանք էլ իրենց բարուրը գրկած իջնեն, կցանկանամ աշխարհին խաղաղություն, որ բալիկը խաղաղության տակ ծնվի», - ասաց Անին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG