Մատչելիության հղումներ

Բելառուսում տեղի է ունեցել առաջին ատոմակայանի բացումը


Օստրովեցի ատոմակայանը Բելառուսում
Օստրովեցի ատոմակայանը Բելառուսում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր գլխավորել է հանրապետությունում առաջին ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը:

«Օստրովեցի ատոմակայանի աշխատանքով մենք ևս մեկ քայլ ենք անում դեպի ապագա և երաշխավորում ենք Բելառուսի էներգետիկ անվտանգությունն»,- այսօր հայտարարել է Լուկաշենկոն հատուկ տեսաուղերձում, որը հեռարձակել է Բելառուսի պետական հեռուստատեսությունը:

Օստրովեցի ատոմակայանը կառուցել է «Ռոսատոմ» ռուսաստանյան ընկերությունը: Ծրագրի համար Բելառուսը Ռուսաստանից ստացել է մոտ 10 միլիարդ դոլարի վարկ:

Օստրովեցը գտնվում է Գրոդնոյի շրջանում: Հարևան Լիտվան խստորեն դատապարտել է մայրաքաղաք Վիլնյուսից 50 կիլոմետր հեռավորության վրա ատոմակայան կառուցելու Մինսկի ծրագիրը:

Առաջին էներգաբլոկն այս պահին աշխատում է 400 մեգավատ հզորությամբ, որն աստիճանաբար կհասցվի նախատեսված 1190 մեգավատի: Դա կապահովի Բելառուսում անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մոտ 20 տոկոսը: Երկրորդ էներգաբլոկը Բելառուսում նախատեսում են շահագործման հանձնել 2021 թվականի առաջին եռամսյակում:

Օստրովեցի ատոմակայանի ռեակտորների սառեցման համար օգտագործվելու է Վիլիա գետի ջուրը, որը նաև Լիտվայում խմելու ջրի աղբյուրներից մեկն է:

Բելառուսում այդ ատոմակայկանի կառուցման գաղափարը ոչ միանշանակ է ընդունվել, քանի որ 1986 թվականի Ուկրաինայում Չերնոբիլի ատոմակայանի աղետից հետո հանրության շրջանում առաջացել է խիստ բացասական վերաբերմունք ատոմակայանների շահագործման հանդեպ:

Ընդդիմության լիդերներից Անդրեյ Սանիկովը դեռ 2010-ը թվականին հայտարարել է, որ Օստրովեցի ատոմակայանը «Լուկաշենկոյի և Կրեմլի ձեռքում կդառնա Եվրոպական միությանն ահաբեկելու զենք, ճառագայթման վտանգ Բելառուսի և ամբողջ Եվրոպայի համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG