2018-2020թթ. ընթացքում Հայաստանի ձեռք բերած նոր սպառազինության ծավալն ամենամեծն է եղել առհասարակ, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մենք մշտապես զինվել ենք ըստ մեր հնարավորության, բոլոր ժամանակներում արվել է առավելագույնը զինվելու համար, սակայն 2012-2018թթ. փորձ ենք արել գնել հիմնականում նոր զենքեր: Ապրիլյանից հետո դրանց ծավալները մեծացվել են, իսկ 2018-2020թթ. նոր զենքերի ծավալն ամենամեծն է եղել առհասարակ»,- ժամեր առաջ գրել է Հովհաննիսյանը՝ հավելելով. «Նախ ինձ հակադարձողներից որևէ մեկը որևէ կերպ ավելի լավ չի տիրապետում իմ նշած նորագույն զենքերի իրական ծավալներին, որոնք ձեռք են բերվել 2018-2020թթ ընթացքում: 2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել մի քանի հարյուր միավոր նոր ավտոմեքենա, վերջին երկու տարում կրկնակի անգամ ավելի շատ: 2012-2018թթ. ընթացքում ձեռք են բերվել նոր սերնդի կապի միջոցներ և ռադիոկայաններ, այդ թվում՝ ոչ դրսից: Վերջին երկու տարում եռակի անգամ ավելի: 2012-2018թթ. նոր մեծ զենքերից ձեռք են բերվել սահմանափակ քանակությամբ նոր սերնդի հակատանկային միջոցներ, օրինակ «Կորնետ»: Վերջին երկու տարիներին եռակի-քառակի անգամ ավելի շատ են ձեռք բերվել այդ միջոցներից»:
Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ 2012-2018թթ. ընթացքում ձեռք են բերվել «Սմերչ» կայանքներ։
«Թվերը չնշեմ, վերջին երկու տարում դրանց քանակը մեծացվել է, իսկ մարտապաշարը՝ բազմապատկվել: 2012-2018թթ. Հայաստան են բերվել նոր սերնդի բալիստիկ հրթիռներ, վերջին երկու տարում ձեռք են բերվել կործանիչներ: Այստեղ գաղտնիության պատճառով մանրամասները չեմ նշում, բայց եթե որևէ մեկը փորձի այս թեման շահարկել, վստահեցնում եմ, որ հաստատ չի տիրապետում իրավիճակին: 2012-2018թթ. Հայաստան են բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի, փոքր հեռահարության ՀՕՊ միջոցներ, վերջին երկու տարում դրանց քանակը եռապատկվել է, ավելացվել են մեծ խմբաքանակի հին միջոցներ, և ձեռք է բերվել աշխարհի լավագույն ՀՕՊ միջոցներից ՏՕՌ-Մ-ը: 2012-2018թթ. Հայաստան են բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի ՌԷՊ միջոցներ, որոնք խնդիրներ ունեին և չէին աշխատում: Դրանք խելքի են բերվել միայն այս տարի, և ավելի լավ միջոցների քանակությունը ավելացվել է մի քանի անգամ: 2012-2018թթ. Հայաստանում ստեղծվել և ներկրվել են որոշակի քանակության ԱԹՍ-ներ, վերջին երկու տարում դրանց քանակը հնգապատկվել է: Վերջին երկու տարում կնքվել են օդուժի վերազինման մեծ պայմանագրեր, մանրամասները գաղտնիք են: Ձեռք են բերվել ՏՈՍ համակարգեր և այլն, որոնք բարձրաձայնելու ենթակա չեն», - եզրափակել է ՊՆ ներկայացուցիչը։
Հանրային հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց. – «Տասնյակ տարիներ Ադրբեջանը ինչ բյուջե է դրել Զինված ուժերի վրա, մենք ինչ բյուջե ենք դրել։ Ընդ որում, եթե դուք էսպես տանում եք կոնկրետ վերջին տարիներին, վերջին երկու տարին, երեք տարին, եկեք հասկանանք, որ ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք, քան վերջին երկու տարում է մտել բանակ, վերջին տասը տարում չի մտել։ Միայն 2018-19-20 թվականների ընթացքում։ Բոլորը գիտեն դրա մասին»։
2008-2018 թվականներին Հայաստանի ղեկավարն էր Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, և Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունից հետո, թե վերջին երկու տարիներին ավելի շատ ժամանակակից սպառազինությոն է ստացել հայկական բանակը, քան նախորդած տասը տարիներին, Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ. - «Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը պատերազմի մեջ է, և հայտարարված է ռազմական դրություն, իսկ հակառակորդը գտնվում է Շուշիի մատույցներում, այս մասին խոսելն անպարկեշտություն է, կարելի է ասել` մեղավորների փնտրտուք: Մենք, անշուշտ, ռազմական դրության ավարտից հետո այս թեմային և նմանատիպ այլ անհիմն շահարկումների հանգամանորեն և փաստարկված կանդրադառնանք»:
Ռուսաստանը հետախուզական տվյալներ է տրամադրում Հայաստանին
Հանրային հեռուստաընկերությանը Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի երեկվա հարցազրույցից նաև, ըստ էության, հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հետախուզական տվյալներ է տրամադրում Հայաստանին։
Հարցազրույցը վարող լրագրողի դիտարկմանը, թե մեղադրանք է հնչում, իբր Ռուսաստանի Դաշնությունը վերջին երկու, մեկ տարում Հայաստանին հետախուզական տվել չի տվել, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Այդ ո՞վ է տիրապետում Գլխավոր շտաբների փոխգործակցության միջազգային մակարդակին։ Այդ ո՞վ է երկու Գլխավոր հետախուզական վարչությունների աշխատանքի մանրամասները տիրապետում։ Ես ուզում եմ իրեն իմանամ։ Ո՞վ է ասել, որ այդպիսի բան կա։ Մեծագույն կեղծիք է, մեկ։ Երկրորդն էլ՝ ես հիմա չեմ ասելու երբ են տվել, ինչ են տվել, ոնց են տվել, ոնց են տալիս»։