Մատչելիության հղումներ

Նախագահի համոզմամբ, միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Եթե չլիներ Թուրքիայի ներգրավվածությունը՝ ռազմական գործողություններն արդեն ավարտված կլինեին, Շվեդիայի հանրային Sveriges Radio AB-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով՝ միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը։

«Եթե հարցը լիներ միայն Ադրբեջանը, ապա պատերազմն արդեն դադարեցված կլիներ երկրորդ, երրորդ շաբաթից: Այստեղ խնդիրը թուրքական սարքավորումներն են, թուրքական ժամանակակից ԱԹՍ-ները, տեխնոլոգիաները, F-16 կործանիչները, ուսուցում անցած զինվորները, հրահանգիչները, սպաները, գեներալները, ովքեր, ըստ էության, ղեկավարում են գործողությունները: Մենք բոլորս գիտենք, որ Թուրքիան ունի աշխարհի ամենամեծ բանակներից մեկը, և դա աշխարհի ամենաագրեսիվ բանակներից է: Նրանք անդադար պատերազմի մեջ են՝ Իրաքում, Սիրիայում, հիմա էլ այստեղ» , - ասել է նախագահը՝ շարունակելով․ - «Կուզեի, որ միջազգային հանրությունը գործեր ավելի արագ, իրական ճնշում գործադրեր Թուրքիայի վրա, քանի որ այդ երկիրն անկայունության աղբյուր է: Թուրքիան է, որ Ադրբեջանին թույլ չի տալիս համաձայնել հրադադարի, Թուրքիան է ցանկանում շարունակել հակամարտությունը, քանի որ որքան այն երկար շարունակվի այնքան ինքն ավելի խոր ներկայություն կհաստատի Ադրբեջանում»:

Արմեն Սարգսյանը նաև ընդգծել է, որ Թուրքիան, իր ներկայիս ղեկավարությամբ, փորձում է ռազմական եղանակով իր ազդեցությունը տարածել, այս անգամ արդեն՝ Հարավային Կովկասում։

«Միջազգային հանրությունը բաց է թողել Թուրքիայի շատ ագրեսիվ նկրտումները, որոնք կան վերջին տասնամյակում: Միջազգային հանրությունը ձախողել է՝ թույլ տալով Թուրքիային ունենալ այն վարքագիծը, որը կա այսօր: Նրանց չկանգնեցրին Սիրիայում, Իրաքում, այժմ արդեն՝ Լիբանանի հյուսիսում: Նրանց չկանգնեցրին Միջերկրական ծովի արևելքում, չկանգնեցրին, երբ նրանք խախտեցին Կիպրոսի տարածքային ամբողջականությունը՝ գրավելով դրա կեսը: Նրանք խախտել են Իրաքի, Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ այժմ եկել ու խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Հենց սա է, որ միջազգային հանրությունն անտեսում է, չի ցանկանում նկատել», - հարցազրույցում ընդգծել է նախագահը՝ եզրափակելով․ - «Ինչպե՞ս կարող ես ունենալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը նման վարքագիծ է դրսևորում: Ինչպե՞ս կարող ես բանակցել մի պետության հետ, որը հայտարարում է ԵՄ անդամ դառնալու ցանկության մասին, սակայն նրա գործողություններն ամբողջովին հակասում են եվրոպական բոլոր արժեքներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG