Այսօր մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ, հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսային, հարավային, կենտրոնական ուղղությամբ, Կարմիր շուկայի հատվածում, փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, սակայն հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ», - նշեց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ Շուշիի մերձակա համայնքներում, անտառներում գտնվող դիվերսիոն խմբերը հիմնականում հանդիպելով հայկական զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պահպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվել:
«Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, կորուստներ կրելով շպրտել տվյալ բնագծերից: Մարտերը շարունակվում են», - ասաց Հովհաննիսյանը:
«Ազատության» հարցին՝ թե ի՞նչ իրավիճակ է Արցախ-Հայաստան ճանապարհներին, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այսօր հայտարարել է, թե Ղարաբաղում աշխատող 80 լրագրողներ չեն կարող լքել Արցախն առանց իրենց կյանքը վտանգելու, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Առաջին անգամ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակիչներին, լրագրողներին, ծննդատները, եկեղեցիները, այնպես որ այստեղ զարմանալու բան կարծես թե չկա: Ինչ վերաբերում է լրագրողների հետ աշխատանքին, ես երեկ անձամբ շփվեցի նրանցից շատերի հետ, Պաշտպանության բանակը, Արցախի իշխանությունները աշխատանքի բոլոր պայմանները ստեղծել են, և եթե նրանք ուզում են աշխատել, շարունակում են աշխատել որևէ խոչընդոտող բան չկա, այլ է հարցը, որ կարող են թիրախավորվել: Իսկ ովքեր ուզում են դուրս գալ Արցախից, ապա համապատասխան ճանապարհներ կան»: