Տավուշի մարզի Կոթի գյուղի 80-ամյա բնակիչ Գրետա Էվինյանն այգու գործերի արանքում պարտադիր լուրեր է լսում ռազմաճակատից։ Միացնում է իր կյանք տեսած ռադիոընդունիչը, որի ալիքները երբեմն խլանում են ադրբեջաներեն ձայներից․ - «Ռադիոն միացնում եմ ու անգաջ դնըմ։ Իրանց ինը պետքն ա, որը պետքն ա, ռադիոյով հաղորդում են, ես էլ նորից անջատում եմ։ Սիրտս ճաքում ա, անջատում եմ»։
Խորհրդային շրջանում 13 տարի Ադրբեջանում է ապրել։ Վարժ տիրապետում է լեզվին։ Ասում է՝ խշշացող ալիքների մեջ որոշ տեքստեր է որսում ու զարմանում, թե որտեղի՞ց այսքան ատելություն տասնամյակներ շարունակ բարեկամ համարված երկրում։
Սահմանին ապրող տարեց կինը բարեկամություն է արել ադրբեջանցիների հետ։ Պատմում է, որ առանց նվերի միմյանց տուն չեն գնացել․ - «Փոքր էրեխեք սարումը, երկու աղջիկ րեխա իրար կշտի քնացրին, դրանք դառան քվորտանք՝ մըթամ։ Մենք նրանց րեխի մհար լվացքի մեքենա ենք տարել, որպես նվեր, որպես մոտիկի։ Նրանք էլ իմ աղջկա մհար կարի մեքենա են առել․․․ Միշտ գնալ-գալ ենք ունեցել»։
Բայց երկու երկրների միջև հարաբերությունները սրվելու մասին առաջին իսկ լուրերից հետո իրենց հետ սեղան նստած ու հաց կիսած ադրբեջանցին թշնամանքով է խոսել հայերի մասին։ Ականջներում են դեռ այդ բառերը, չի ներում․ - «Մեր ծանոթը մի հետ հանդիպել ին, հարց ա տվել, ասել ա՝ ասենք թե խառնվում ա, դուք մեզ կսպանե՞ք։ Ասել ա՝ մենք չենք սպանի, բայց սպանել կտանք»։
Ասում է՝ որդին Ղարաբաղյան պատերազմի առաջին հրամանատարներից է։ 90-ականներին հակառակորդի ռումբերից մեծ վնասներ կրած տունը հայ տանկիստների կացարան էր։ Նրանց մասին հոգ է տարել, ու մինչև հիմա էլ մշտական կապի մեջ են։ Զանգել տեղեկացրել են, որ դարձյալ առաջնագիծ են մեկնել։ Սիրտը ցավում է, աղոթք անում, որ ողջ-առողջ վերադառնան։
80-ամյա կինը մտքերն իրարով է տալիս, ամփոփում թշնամի դարձած նախկին բարեկամների հետ տված-առածը, անցածն ու ներկան և միմյանց հետ հակամարտող երկու երկրների լեզուներով խաղաղության կոչ անում․ - «Դադարեցեք էդ էլածը, մեր էրեխեքը մեղկ են։ Մենք ջհաննամն ըլինք, մեր էրեխեքը գնում են մահի բերանը։ Էդքանը»։