Մատչելիության հղումներ

Փաշինյանի համոզմամբ՝ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք


«Ցավում եմ, որ այս հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տարածելով The Jerusalem Post-ի հրապարակման հայերեն թարգմանությունը:

Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ ուրիշ ազգերի և հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք:

Իսրայելական թերթին տված հարցազրույցում Փաշինյանն Իսրայելին խորհուրդ էր տվել առաջարկած հումանիտար օգնությունն ուղարկել վարձկաններին և ահաբեկիչներին։

The Jerusalem Post-ի հարցին, թե Հայաստանը հետաքրքրվա՞ծ է Իսրայելի առաջարկած հումանիտար օգնությամբ, վարչապետը պատասխանել էր՝ «հումանիտար օգնություն վարձկաններին զենք վաճառող երկրի կողմի՞ց, որն օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար»:

«Ես առաջարկում եմ, որ Իսրայելը այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին` որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», - շեշտել էր Հայաստանի վարչապետը:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 1-ին, Հայաստանը հետ կանչեց Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանին՝ պարզաբանելով՝ այս օրերին, երբ միջազգային ողջ հանրությունը Ադրբեջանին մարտական գործողությունների դադարեցման կոչ է անում, Իսրայելը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին։ «Այս գործելաոճը մեզ համար անընդունելի է», - հայտարարեց ՀՀ ԱԳՆ-ը:

XS
SM
MD
LG